ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿ»-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի տեղեկացված աղբյուրները փոխանցեցին, որ Արտաշատ քաղաքում արտառոց դեպք է գրանցվել: Երիտասարդ մի տղա ամիսներ շարունակ odnoklassniki.ru կայքով խոսել է մի աղջկա հետ, այնուհետեւ պայմանավորվել է հանդիպել: Սակայն արդեն աղջկա բնակարանում հասկացել է, որ այնտեղ իրեն ոչ թե աղջիկն է սպասում, այլ մի քանի տղաներ` իրենց սպառնալիքներով:
Նախ նշենք, որ Հայաստանում սկսում է տարածվել մի երեւույթ, երբ պոռնոգրաֆիկ լուսանկարները համացանցում տեղադրելու սպառնալիքով  գումարներ են շորթվում:  Նման դեպքերը շատացել են հատկապես շնորհիվ սոցիալական ցանցերի, որտեղ  անհայտ անձինք՝ տարբեր տվյալներով, անընդհատ կապի մեջ են լինում մեկի հետ, ապա անցնում սպառնալիքների` գումարը չստանալու դեպքում համացանցում եւ  տվյալ անձի  մտերիմների շրջապատում իր անձն արատավորող սեռական բնույթի նկարներ տարածելու խոստմամբ:
Առավել հաճախ նման արտառոց պատմությունների մեջ են «ընկնում» երիտասարդ աղջիկները, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նման իրավիճակում հայտնվում են նաեւ տղաները: Պարզվում է` նման մի դեպք է գրանցվել Արտաշատ քաղաքում: Այնտեղի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ տղա odnoklassniki.ru կայքով մի աղջկա հետ է ծանոթանում եւ ամիսներ շարունակ զրուցում նրա հետ:
Տվյալ կայքում տեղադրված են լինում գեղեցիկ աղջկա գերող լուսանկարները: Տղան էլ, գայթակղվելով այդ լուսանկարներով, որոշում է աղջկան հանդիպման առաջարկ անել: Աղջիկը համաձայնում է հանդիպել միմիայն սեփական բնակարանում: Երիտասարդն ընդունում է առաջարկը: Պայմանավորված օրը տղան այցելում է աղջկան եւ  ծեծում նրա բնակարանի դուռը: Երբ այն բացվում է, տղան իր առջեւ տեսնում է երեք կերած-խմած երիտասարդի, որոնք նրան հրավիրում են ներս եւ   բացատրություն պահանջում, թե` «դու ինչ իրավունք ունես մեր քրոջ հետ քեզ նման անպարկեշտ ձեւով պահես»: Վերջիններս սպառնում են երիտասարդին, որ եթե նա  չվճարի, ապա իրենք նրա մասին շատ վատ տեղեկություններ կտարածեն: Երիտասարդն էլ, վախեցած այդ ամենից, համաձայնում է վճարել:
Օրերս նման մի արտառոց դեպք էլ գրանցվել է Սյունիքի մարզում: Այս անգամ աղջիկը ծանոթացել է մի տղայի հետ, որոշ ժամանակ շփվել են միմյանց հետ: Այնուհետեւ երիտասարդն աղջկան սպառնացել է, որ համացանցում նրա պոռնոգրաֆիկ լուսանկարները կտարածի: Պարզվում է` տղան ինչ-որ պոռնոգրաֆիկ լուսանկարների վրա տեղադրել է տվյալ աղջկա «գլուխը»` ֆոտոշոփ ծրագրի շնորհիվ:
Մեր տեղեկություններով` ոստիկանությունն օպերատիվ հետախուզական աշխատանքներ է կատարում նման խմբերին բացահայտելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս