Կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն է տալու «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին:
Նշենք, որ այս օրենքի նախագիծը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը և Վահան Կարապետյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:
Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ իրենք դեմ են այս փոփոխություններին, սակայն դեռ այս օրենքի նախագիծը կքննարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Իրենց որոշման մեկնաբանության մեջ նշված է. «Միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է՝ դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Տվյալ դեպքում, անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման:
Իրականությանը չի համապատասխանում նաև նախագծի ընդունման հիմնավորմամբ բերված այն փաստարկը, որ շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված՝ հանրապետությունում փակվել են շուրջ 4000 փոքր օբյեկտներ, տասնյակ հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ գործում են կամ վնասով, կամ ցածր շահութաբերությամբ:
Նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն», – ասված է Կառավարության եզրակացությունում: