Չեն վստահում` դրա համար էլ գումար չեն տալիս. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը Ռուսաստանից 500 մլն դոլարի վարկի առաջարկ է ներկայացրել, որը մշտապես մերժվել է: Սակայն խոսակցություններ տարածվեցին, որ Մաքսային Միության ֆոնին Ռուսաստանը վերջապես կտրամադրի այդ վարկը:

Այսպիսի հայտարարություն նեղ միջավայրում արել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով վերջին օրերին գտնվում էր Հայաստանում՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին: 

Armlur.am-ը  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, ով  Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն է, այսինքն` Արա Աբրահամյանի տեղակալը, փորձեց ճշտել վարկի ճակատագիրը:

«Այդպիսի տեղեկություններ ես չունեմ, որովհետև Արա Աբրահամյանը չի կարող այդպիսի պաշտոնական հայտարարություններ անել, քանի որ ինքը չի զբաղվում այդպիսի հարցերով», – հայտարարեց նա:

Անդրադառնալով արդեն վարկի տրամադրման հնարավորությանը, Ար. Սարգսյանը նշեց, թե այստեղ մտածելու խնդիր ունի արդեն Հայաստանի Կառավարությունը:

«Պետք է Կառավարությունը մտածի, թե ինչու վերցրեց Ռուսաստանից պարտք և չկարողացավ ճիշտ օգտագործել, հետո եվրոբոնդերը բաց թողեց, դրա փոխարեն պարտքը դարձրեց 700 մլն, հիմա  նորից գնացել են Ռուսաստնի դուռը, ասում են մեզ փող տվեք», – ընդգծեց նա, հավելելով, թե այժմ խնդիրը վստահության պակասի մեջ է:

«Կարծում եմ այսօր Աստանայում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ ավելի կճշգրտվի այդ իրավիճակը և որոշում կկայացվի: Դա իմ կարծիքն է», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




Լրահոս