Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, կարելի է ասել, ավանդույթ է դարձրել Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելը:
Մի առիթով ռուսաստանցի ռազմական հարցերով հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը ասել է, թե ղարաբաղյան հարցում չեզոք, հավասարակշռված դիրքորոշում ունի, այսինքն` չի պաշտպանում կողմերից եւ ոչ մեկին:
Իսկ մայիսի 28 -ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմամթերք վաճառելու հարցին, հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին պարբերաբար զենք ու զինամթերք վաճառելու հարցը կոմերցիոն բնույթ ունի, ոչ քաղաքական:
«Նման թեմայի վրա չի կարելի դոփել, սա կոմերցիոն հարց է, ոչ թե քաղաքական: Ես այստեղ ոչ մի կրիմինալ կամ սարսափելի բան չեմ տեսնում»,- ասել է Վոլինկինը:
Ինչևէ, Հայաստանի պետական այրերը, կարծես, առանձին դիրքորոշում չունեն խնդրի առնչությամբ:
Մեր ռազմավարական գործընկերոջ վարած քաղաքականության հետ կապված Armlur.am-ի հետ զրույցում իր դիրքորոշումը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Եթե մենք համարում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ապա միանշանակ տրամաբանությունից դուրս է մեր թշնամուն զինելը: Վերջին հաշվով չմոռանանք, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այդ տարածաշրջանում զենք չեն վաճառում»,- իր խոսքում նշեց Ս.Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ` Ռուսաստանի քայլը կբերի տարածաշրջանի պայթյունին: Ս. Սաֆարյանը համոզված է, որ Ռուսաստանի բոլոր այն հայտարարությունները, թե իրենք շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ՝ բացարձակ կեղծիք են:
«Կեղծիքի է վերածվում նաև հայկական համագործակցությունը: Արդեն որերորդ գործարքն է տեղի ունենում, և եթե ռուսաստանյան պաշտոնյաների բացատրություններին հավատանք, ընդամենը բիզնես է անում, սակայն այդ բիզնեսը կարող է չափազանց թանկ արժենալ Հայաստանի անվտանգության համար: Այսքանի մասին Ռուսաստանը պետք է վաղուց մտածեր: Ու սրա մասին Հայաստանի իշխանություններին բազմիցս է ասվել»,- շարունակելով խոսքը ` ասաց Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս նշեց նաև, որ Ռուսաստանն իրեն պահում է անթույլատրելի ձևով:
Նա համոզված է, որ Հայաստանը վաղուց պետք է ահազանգեր սպառազինությունների շուրջ բարձրացված խնդրի մասին:
«Աշխարհը շատ հետաքրքրված է եղել դրա մասին: Նույնիսկ տարիներ առաջ ԱՄՆ նախագահը խոսեց: Մենք չպետք է ուրախանայինք, որ մեզ էժան գնով է վաճառում: Չպետք է գնանք Ռուսաստանի քմահաճության ներքո: Թշնամին չպետք է մտածի, թե միայն զենքը բավարար է աղքատացած Հայաստանին ոչնչացնելու կամ ԼՂՀ հարցերը լուծելու համար»,- ասաց Ս.Սաֆարյանը` միաժամանակ նշելով, որ պետք է համալիր ծրագիր լինի, որպեսզի պահպանվի բալանսը:
Նա համոզված է, որ ուժը միայն ռազմականը չէ, քաղաքագիտությունն ու դիվանագիտությունը նույնպես ռեսուրսներ են:
«Հայաստանը ոչինչ չի անում խախտված բալանսը վերականգնելու համար: Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանին խեղճացնելու և նվաստացնելու քաղաքականություն է»,- համոզմունք հայտնեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ նա իր անելիքները Ադրբեջանի միջոցով է իրականացնում:
Տաթև Հարությունյան