Հայաստանը մտնում է ՄՄ, Ղարաբաղն ի՞նչ կապ ունի դրա հետ. ԱԳ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն այսօր  խորհրդարանում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

– Ղարաբաղն, այնուամենայնիվ չմանրամասնեցիք ՝ ինչպիսի՞ կարգավիճակով է լինելու, եթե ամսի 15-ին ստորագրվի:

– Թույլ տվեք չմանրամասնել հիմա այդ մասին:

– Ինչու՞:

– Ես ասացի, և դուք բոլորդ լսեցիք: Ասացի, որ այն տարաձայնությունները, որոնց մասին ասել ենք, կրում են տեխնիկական բնույթ: Կոնցեպտուալ և սկզբունքային բնույթ չի կրում, դրանից, խնդրում եմ, հետևություններ արեք: Այլ մանրամասներ ես չեմ ասի:

-Ղարաբաղի հարցով ո՞րն է այդ միություն մտնելուց հետո Հայաստանի դիրքորոշումը:

– Ի՞նչ դիրքորոշում: Հայաստանը մտնում է ՄՄ, Ղարաբաղը ի՞նչ կապ ունի դրա հետ: Ես ձեզ ասացի՝ կոնցեպտուալ սկզբունքները քննարկման առարկա չեն ընդհանրապես, ուրեմն հետևություններ արեք դրանից:

– Նազարբաևի այն հայտարարությունը, որ ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով պետք է …

– Նազարբաևը բազմաթիվ հայտարարություններ է արել, վերջին հայտարարության ժամանակ ասել է՝ կան խնդիրներ: Խնդիրներ դիտարկում ենք այս հարթության մեջ, ոչ կոնցեպտուալ:

– Պուտինը միայն Ադրբեջանին շնորհավորեց Հանրապետության օրվա առթիվ: Հայաստանին՝ իր ռազմավարական գործընկերոջը, նման շնորհավորանք գոնե մենք, պաշտոնապես, չունեցանք:

– Գիտեք ինչ, շնորհավորանքը կար, թե չէ, դրանից պետք չի եզրակացություններ անել, որ ռազմավարական գործընկեր չի: Մի քիչ ճիշտ չի:

– Իսկ այն, որ տանկերը վաճառվում են թշնամի պետության, դրանից ևս եզրակացություններ չանե՞նք:

– Գիտեք ինչ, գործընթացը միշտ էլ կար, և ռուսական պաշտոնյաներից մեկն էլ ասեց, որ չի կարող ողջունել դա, բայց միաժամանակ՝ դա գործընթաց է, որ իրականացվում է:

– Ի՞նչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք:

– Քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն ֆիքսված է սպառազինության քանակությունը և այլն: Այս ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում:

– Բայց  Ռուսաստանը մնու՞մ է այդ պայմանագրերի շրջանակներում:

– Պետք է աշխատենք: Եթե Ռուսաստանը զենք է վաճառել երկրորդ, երրորդ երկրին, այդ թվում ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք «բարեկամ» հարաբերությունների մեջ չեն, դրանից պետք չէ եզրակացնել, որ մեր հարաբերությունները նվազել են, մեր ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն: Ոչ: Զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում, պետք չի շատ հասարակ ձևով նայել էս ամենին:

– Իսկ ի՞նչ եզրակացնենք:

– Ոչ մի բան: Եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է:

 – Հայ միգրանտների խնդիրները մտահոգի՞չ են Ձեզ համար:

– Իհարկե, մտահոգիչ են, բայց այն փոփոխությունները, որ տեղի ունեցան միգրացիոն օրենսդրության մեջ, պետք չէ դիտարկել որպես հակահայկական կամ հակամիգրացիոն, հիմնական նպատակը այդ փոփոխությունների՝ ստվերից հանելն է, ուրիշ որևէ բան չկա, եթե մարդն ունի կոնտրակտ, եթե մարդն աշխատում է, ինքը որևէ խնդիր չունի:

– Շատերն առանց պատճառաբանության են հետ վերադարձվում:

– Օրերս ԱԳ նախարարություն, բառացիորեն՝ երկու – երեք օր առաջ ստացել է պաշտոնական հայտագիր Ռուսաստանի դեսպանությունում, որում ֆիքսված է հետևյալ գաղափարը, որ բազմաթիվ մարդիկ մերժում են ստացել Ռուսաստանի սահմանահատումը իրականացնելու՝ ունենալով շատ չնչին տեխնիկական բնույթ կրող խախտումներ: Բոլոր դեպքերում, ՌԴ-ն խորհուրդ է տալիս քաղաքացիներին՝ դիմել կամ միգրացիոն ծառայություն՝ ուղիղ, կամ դեսպանության միջոցով, և իրենք պարտավորվում են այդ արգելքը հանել բավական արագ: Վերջերս մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ մեր միջոցով են քաղաքացիները դիմել և արգելքը հանվել է: Այսինքն՝ իրենք էլ են գիտակցում, որ չի կարելի ասենք կարմիր լույսի տակ անցնելու պարագայում տուգանք ստանալու համար մերժվել տարածքում գտնվել:




Լրահոս