ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են ապրանքի թերությունները վերացվում արտադրողի (վաճառողի) կողմից, եւ որն է սպառողի պահանջների կատարման ժամկետը խախտելու համար վաճառողի (արտադրողի) պատասխանատվությունը:

Նարինե Գասպարյան, 30 տարեկան, սրբագրիչ


ՊԱՏԱՍԽԱՆ. Ապրանքում հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն արտադրողի (վաճառողի) կամ խանութների կողմից` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում: Արտադրողը (վաճառողը) կամ խանութը պարտավոր է երկարատեւ օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում՝ յոթօրյա ժամկետում, սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը:  Երկարատեւ օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը: Ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով` սպառողի դիմելու օրից մինչեւ նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը:
Ապրանքների թերությունների վերացման, ոչ պատշաճ որակի փոխարինման, սպառողների դրամական պահանջների բավարարման ժամկետների խախտման, ինչպես նաեւ նորոգման (փոխարինման) ընթացքում նմանօրինակ ապրանք տրամադրելու վերաբերյալ սպառողի պահանջը չկատարելու (կատարումն ուշացնելու) համար այդպիսի խախտումներ թույլ տված վաճառողն ուշացման յուրաքանչյուր օրվա դիմաց  սպառողին վճարում է տուգանք` ապրանքի գնի մեկ տոկոսի չափով: Սպառողի պահանջները նշված ժամկետներում չկատարելու դեպքում սպառողն իրավունք ունի ընտրությամբ ներկայացնել այլ պահանջներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության` շուկայի
եւ սպառողների շահերի պաշտպանության
պետական տեսչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքն, ինչպես միշտ, կատարյալ է, սակայն իրականում գործող «կարգը», ցավոք, բացարձակապես չի առնչվում միայն թղթի վրա գրված պահանջներին:




Լրահոս