ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մինչ վերջերս հանդիսանում էր ՄԱԿ-ում ՀՀ դեսպան և ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում Հայաստանը ճանաչել էր Ռուսաստանի սուվերենությունը Ղրիմի նկատմամբ: Այս ամենը հաշվի առնելով` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը փոխնախարարին հարցադրում արեց.
«Հիմա ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք կարող անդամակցել ԼՂՀ հետ միասին այն մաքսայինին, որին Ռուսաստանը միանում է Ղրիմով, օտար պետության բռնակցված տարածքով։
Դուք անձամբ մինչև քվեարկելը հորդորե՞լ եք Ձեր ղեկավարությանը, որ դեմ քվեարկելով այդ բանաձևին՝ Հայաստանը կարող է շատ լուրջ մեկուսացման մեջ ընկնել և դասվել ՄԱԿ-ի 194 երկրներից այն տասնյակի շարքին, որոնք ոչ միշտ է, որ մեծ վարկանիշ ունեն այդ կազմակերպություններում», – նշեց նա:
Ի պատասխան՝ Նազարյանը նշեց, թե Ղրիմի ճանաչման հարցի մասին շատ է խոսվել:
«Մենք, դեմ քվեարկելով բանաձևին, չենք ճանաչում Ղրիմը, այսինքն՝ դա չի ենթադրում Ղրիմի ճանաչում: Այդ քվեարկության ժամանակ, գիտեք, մեր սկզբունքային դիրքորոշումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցն էր:
Արզումանյանն էլ նշեց, թե միջազգային հանրության զգալի մասը գտնում են, որ տեղի է ունեցել բռնակցում և դժբվարանում են հստակ պատկերացում ստանալ, թե ինչ պայմաններում է անցել այդ հանրաքվե կոչեցյալը:
«Սա է տարակուսանքը: Մենք սովոր ենք, հա, անկախությանը դեմ ըլլալով անջատումին կամ կողմ ըլլալով անջատումին դեմ կըլլանք, և եթե այդքան սկզբունքային ենք, ինչու չենք ճանաչում Հարավային Օսիայի, Աբխազիայի և այլոց՝ մեր պես գերեվարված նախկին խորհրդային կայսրությունում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – նշեց նա:
«Ինչ վերաբերում է մյուս տարածքների ճանաչման հարցին, որ մատնանշեցիք, այս պահին երևի թե վաղ է դրա մասին խոսել, որովհետև մենք ինքներս դեռ չենք ճանաչել ԼՂ հանրապետությունը: Դրանով է պայմանավորված, որ մենք դեռևս քայլեր չենք ձեռնարկել այդ քայլի հետ կապված: Մյուս տարածքների հետ, որ նշեցիք, ես չեմ ուզում հավելյալ մեկնաբանություններ անել», – հավելեց նա: