583 տարի առաջ այս օրը այրեցին ֆրանսիացի մեծ հեղափոխական Ժաննա դ’Արկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 30-ին, Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի նաև որպես Օռլեանի կույս Ժաննա  դ’Արկի մահվան 583-րդ տարելիցն է:

Նա գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ հարյուրամյա պատերազմի ժամանակ (1337—1453 թթ.):

Ծնվել է հավանաբար 1412 թ. հունվարի 6-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ ունևոր գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։

Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողություններին, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։

13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։

1428 թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Կարլոսը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։

Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։

1429 թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Կարլոսը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ 1429 թ. ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում 1429 թ. մայիսի 8-ին հանում պաշարումը։

Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Կարլոսը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429 թ. հուլիսի 17-ին կայանում է Կարլոսի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում Կարլոս VII անունով։

Ժողովրդավարական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։

Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թ. մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։

Անգլիացիները մեղադրում են նրան կախարդության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։ Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։

1431 թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Այրվում է նրա ողջ մարմինը, սակայն չի այրվում նրա սիրտը։




Լրահոս