ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Արթուր Աթարբեկյանի քրեական գործի դատաքննությունը կարծես թե առաջ չի գնում. նրա պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանի գործերը եւս խառն են, բայց մի քիչ այլ իմաստով:
Ըստ ԴԱՀԿ լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչական դատարանի կողմից 25.07.2011թ. տրված կատարողական թերթի համաձայն` հայցագնի` 630.743 դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Ա/Ձ Վարդուհի Էլբակյանին պատկանող գույքի` «Տոյոտա» RAV4-2,4 6AS մակնիշի 60 ՍՈ 303 պ/հ ավտոմեքենայի վրա: Պատճառն այն է, որ մարտի 1-ի հետ կապված նախկին քաղբանտարկյալներից մի քանիսի գործով Վարդուհի Էլբակյանը փաստաբանական ծառայություններ է մատուցել, սակայն եկամտահարկ չի վճարել, քանի որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նրան էլ չեն վճարել: Երեկ փորձեցինք կապվել փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ, սակայն ոչ մի հեռախոսահամարով նրան գտնել չհաջողվեց: Նույնիսկ ազգականները տեղյակ չէին, թե նա որտեղ է:
Մինչ նրանից պարզաբանումներ ստանալը, փորձենք հասկանալ, թե ինչու է Վ.Էլբակյանի եւ Ա.Աթարբեկյանի մասնագիտական գործունեությունը նման խոչընդոտների հանդիպում. արդյո՞ք նրանց չեն պատժում ինչ-ինչ գործերով ակտիվ լինելու կամ, ասենք, տիրապետած որոշակի կարեւոր տեղեկատվության արտահոսքը կանխելու համար: Հակիրճ վերհիշենք Արթուր Աթարբեկյանի` վերջին շրջանում վարած հայտնի գործերը: Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների` նա եղել է ԱԱԾ-ի գաղտնալսումների եւ դրանք օլիգարխներին վաճառելու աղմուկ հանած պատմության գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի` 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանի պաշտպանը նախաքննության ընթացքում: Իսկ պաշտոնական մեղադրանքն այսպիսին է. Ա.Տեր-Մինասյանը (հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի աշխատակից) 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ.Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ.Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ: Լաիշյանի ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա.Տեր-Մինասյանը եւ Վ.Չիլինգարյանը Ռ.Լաիշյանից պահանջել են նախ 5.000 ԱՄՆ դոլար, ապա 3.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ ստացել այն:
 2008-ի մարտի 1-ից հետո էլ Ա.Աթարբեկյանը նախնական փուլում ստանձնել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, անհիմն կերպով 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի պաշտպանությունը, սակայն նախկին քաղբանտարկյալը հրաժարվել է Ա.Աթարբեկյանի պաշտպանությունից: Վերջինս եղել է նաեւ մարտի 1-ի գործով դատապարտված, ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի համակարգող, 60-ամյա նկարիչ Աշոտ Մանուկյանի պաշտպաններից մեկը, «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու գործով մեղադրվող Ստեփան Հովակիմյանի պաշտպանը, սակայն հետո վերջինս հրաժարվել են նրա ծառայությունից:
 Ա.Աթարբեկյանը ԱԱԾ-ի հետ առնչվող եւս մի գործի հետ կապ ունի: Նա ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի պաշտպաններից է եղել: 350 գրամ ափիոն տեսակի թմրանյութի իրացման մեջ մեղադրվող Հովհաննես Գեւորգյանը ոստիկանության 4-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանին հայտնել էր, որ ամռանը, երբ իրեն ու իր ընկերուհուն «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են թմրամիջոց պահելու կասկածանքով, ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը գործը փակելու համար իրենից 4.000 դոլար է ստացել «Մամա միա» սրճարանում: ԱԱԾ-ում Գեւորգյանի սուտ ցուցմունքի (ըստ Կոթոլյանի պաշտպանների) հիման վրա քննիչ Վլ.Կոթոլյանին դատապարտել են 7 տարվա ազատազրկման: Ի դեպ, մինչ դատապարտվելը, ԱԱԾ քննիչ Կոթոլյանը գտնվել է քննչական խմբի կազմում, որը քննել է հայրենիքի դավաճանության մեղադրանքով կալանավորված, ՊՆ աշխատակից Գեւորգ Հայրապետյանի եւ  ազերի Բեհնար Բաղերիի գործի վարույթը:
Այժմ Ա.Աթարբեկյանը մեղադրվում է խարդախության մեջ. նա, չարաշահելով իր ընկեր Մուշեղ Գրիգորյանի վստահությունը, նրա որդի Վահագն Գրիգորյանի նկատմամբ ոստիկանության ՔԳՎ-ում քր. գործով մասը կրճատելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ Մ.Գրիգորյանից ստացել է 37.000 ԱՄՆ դոլար եւ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է նշված գումարը: Ի դեպ, կաշառքի միջնորդ լինելու վերաբերյալ խոսակցությունները մի տեսակ շատ են, եւ եթե դրանց նույնիսկ 30 տոկոսն իրական հիմք ունենա, հասարակությունն անպաշտպան կմնա, քանի որ օրենսդրական փոփոխություններից հետո դատարանում ֆիզիկական կամ իրավաբանական անձի շահերը միայն իրավաբան-մասնագետները` փաստաբանները, պետք է ներկայացնեն: Ու եթե անբարեխիղճ փաստաբան հանդիպի, ուրեմն դուք անպաշտպան եք:  

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս