2011թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Խաչատրյանի հարազատները գոհ չեն զինծառայողի գործով ընթացող նախաքննությունից եւ պնդում են, որ մարդիկ, որոնք մեղավոր են Հայկի մահվան մեջ, դեռեւս ազատության մեջ են:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահից 20 օր անց հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալվեց ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Սակայն այս ձերբակալությունը բացարձակ չի բավարարում մահացած զինվորի ծնողներին: Հայկի հայրը` Մովսես Խաչատրյանը, պնդում է, որ մեղավորներից առնվազն երկուսը` բուժող բժիշկ Արմինե Սերոբյանը եւ զորամասի շտաբի պետը, ով ստիպել է հիվանդ զինվորին վազել 10 կմ, դեռեւս ազատության մեջ են: «Բուժող բժիշկը, ով ի սկզբանե սխալ բուժում է նշանակել, սխալ դեղորայք է ներարկել երեխային եւ ջրծաղիկն ավելի է բարդացրել, դեռեւս անպատիժ է: Անպատիժ է շտաբի պետը: Հիմա մենք չենք հասկանում` ինչ համագործակցություն կա միմյանց հետ, բայց պարզ երեւում է, որ հապաղում են, ձգձգում են, որը մեզ անհանգստացնում է: Հիմնական ոճրագործները պետք է պատասխան տան»,-ասում է զինվորի տատը` Աիդա Խաչատրյանը:
Հայրն էլ հորդորում է այն «մասնագետներին», որոնք շտապեցին «պատասխանատու» լրատվամիջոցներով հայտարարել, թե տղան մահացել է ջրծաղկի բարդ` վիստերիալ տեսակից, լավ ուսումնասիրել հիվանդությունը եւ այն նախանշաններն ու հետեւանքները, որոնք եղել են Հայկի մոտ. «Բացեն` նայեն: Ես չէ, որ ասելու եմ: Աչքը լրիվ արցունքակալվել, փակվել է: Իրանք էնտեղ ինչի՞ համար են, որ էդ ամեն ինչը չեն նկատել ու սիմուլյանտ են որակել որդուս»:
Մեկ ուշագրավ հանգամանք էլ. Մովսես Խաչատրյանի պատմելով` ինքը հանդիպել է Հայկին «բուժած» բժիշկ Արմինե Սերոբյանի հետ, սակայն առերես հարցաքննության ժամանակ Ա.Սերոբյանը կտրականապես հերքել է, որ երբեւէ խոսել է զինվորի ծնողների հետ եւ նրանց կողմից Հայկին ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու առաջարկ ստացել. «Ինքը խոստացել էր 12 օրով երեխային տանել ինֆեկցիոն հիվանդանոց, որը, սակայն, չի իրագործել: Ինքը հարցաքննության ժամանակ դիմակահանդես է սարքել, թե ոչ մի ծնողի չի տեսել, ոչ մի բան էլ չի ասել»,-պատմում է Հայկի տատը:
Զինվորի հարազատները պնդում են, որ պայքարելու են, որպեսզի իրենց որդու մահվան մեջ մեղավորներն արժանի պատիժ ստանան: Նշենք, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված տեղեկությունների համաձայն` այս գործով նոր կասկածյալներ դեռեւս չկան:
Գյումրի