Սերժ Սարգսյանը միայնակ էր եւ անպատրաստ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ հանրությունը խորապես վրդովված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունից եւ մինչ այս պահը Սերժ Սարգսյանի կամ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանի բացակայությունից:

Բոլորին է հուզում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր Ալիեւի նամակից եւ ինչո՞ւ որեւէ կերպ չարձագանքեց Նազարբաեւի պահվածքին հենց այդ պահին: Մի կողմ թողնենք տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականների ոչինչ չարժեցող պատասխաններն ու հոխորտանքները Նազարբաեւի հասցեին՝ իրենց զրոյական քաղաքական ազդեցությամբ, ու նշենք հետեւյալը.

Աստանայում Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաեւին, քանի որ նա միայնակ էր եւ անպատրաստ: Միայնակ՝ ոչ թե ֆիզիկական իմաստով, քանի որ Է. Նալբանդյանը նրա կողքին էր, այլ՝ որովհետեւ պատկան մարմինները` ԱԳՆ-ն, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ նախագահի աշխատակազմի, խորհրդականների ու վերլուծական կենտրոնների ուղեղները, բանակցությունների նախօրյակին չէին մատուցել օրակարգին առնչվող ողջ տեղեկությունը, չէին վերլուծել ու կանխատեսել հնարավոր ռիսկերը, հնարավոր հարցադրումները:

Բացի այդ, ՀՀ հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեին Ալիեւի նամակի մասին, որպեսզի պետության ղեկավարը կարողանար արձագանքել ցանկացած անակնկալ հարցի, այլ ոչ թե հենց սեղանի շուրջ ուշադրությունը լարեր, որ լսեր, թե ինչ է կարդում Նազարբաեւը: Իսկ Նալբանդյանը, իրոք որ զուր էր նստել, դեռ մի բան էլ խանգարում էր, որ Սերժ Սարգսյանը շփվեր ՌԴ փոխվարչապետի հետ»: 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       

 




Լրահոս