«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացած 33-ամյա Վարդան Ղարագյողյանի հարազատները շոկի մեջ են : «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանի բարեկամներից Ռոբերտ Հակոբյանն ասաց, որ Վարդանն այն տղան չէր, որ ինքնասպան լիներ:
Հիշեցնենք, որ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքում, մայիս 29-ին՝ ժամը 07.26-ի սահմաններում, որտեղից իբր Վարդանը նետվել է ձորը : Ի՞նչը կարող էր երիտասարդ տղային դրդել ինքնասպանության:
Ինչպես «Ժողովուրդ»-ին պատմեց հարազատներից Ռոբերտ Հակոբյանը` Վարդանը դեպքի ժամանակ եղել է իր ընկերների հետ. « 4 ընկերներով գնացել են ձորի մոտ, օբյեկտի նման տեղ է, իրենց համար նստել են: Այդ տղաները , ովքեր Վարդանի հետ են եղել, նրա շատ հարազատ ընկերներն են: Ավելի ուշ տղաները նկատել են , որ Վարդանը գնացել է ձորի մոտ՝ երեւի մաքուր օդ շնչելու ու տեղի է ունեցել այս դեպքը»:
Ըստ մեր զրուցակցի՝ իրենք չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպանության գնալ. «Նա այդ տղան չէր , շատ լավ ընտանիքի երեխա, լավ մարդ, բարձրագույն կրթություն ստացած: Ոչ մի խնդիր չի ունեցել, որ, ասենք, դա է եղել պատճառը: Միգուցե կատարվածը անզգուշության հետեւանք է, ոչինչ չենք կարող ասել: Դեռ շոկի մեջ ենք, չենք հավատում, թե ինչ կատարվեց»:
Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից՝ Վարդանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Վերջինս աշխատում էր «Որոտան» հէկ-ում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: