ՀԱՐՑ. Ինձ համար պարզ չէ, թե ով է հերթական ավետարանական մկրտական եկեղեցու հիմնադիրն ու տերը, ում է պատկանում այդ կրոնական կազմակերպությունը: Խնդրում եմ, հնարավորության սահմաններում տեղեկացրե՛ք: Տհաճ է, երբ ամեն անգամ մեր բնակարանների առաջ նրանց բուկլետներն ենք տեսնում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պատկանում է ավետարանական մկրտական եկեղեցուն: Այս կազմակերպության հիմնադիրները քրիստոնյաներ են, որոնք մտահոգված են իրենց ժողովրդի համար, որ մարդիկ իրապես իրենց սրտերի մեջ Հիսուս ունենան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավետարանական մկրտական հարանվանությունը եկեղեցիների բողոքական ճյուղին պատկանող ազատ հարանվանություն է: Այսօր շատ եկեղեցիներ են հանդես գալիս ավետարանական եւ համապատասխանաբար նաեւ մկրտական անունով, մանավանդ Հայաստանում, եւ շատ դժվար է նրանց աղանդներից զանազանելը: Բոլոր պարագաներում նրանք կապ չունեն Հայ Եկեղեցու հետ իրենց ուսմունքով, կառուցվածքով եւ մոտեցումներով, այլ Հայաստան են ներթափանցել դրսից, այսինքն` օտարածին են:
Ազատության 9բ, բնակարան 66 հասցեում գտնվող կազմակերպությունը ոչ այլ ինչ է, քան աղանդավորական մի կառույց: Ես ինքս զանգահարեցի այդտեղ: Ինձ պատասխանեց Վահան անունով մեկը: Նա ներկայացավ որպես Ավետարանի ծառայության միջեկեղեցական կառույցի ներկայացուցիչ:
Լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, իմ համեստ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ հոգեորսությամբ զբաղվող կառույցը չի կարող դիտվել որպես միջեկեղեցական. այն միայն աղանդավորական է: Այս կերպ եմ խոսում, որովհետեւ վերջիններս թռուցիկներ են բաժանում Հայ Եկեղեցու հավատացյալների շրջանում: Զրուցել եմ համապատասխան անձանց հետ եւ զգուշացրել նրանց, որ դադարեցնեն իրենց աղանդակերպ գործունեությունը:
Ի դեպ, Հայաստանի ավետարանական մկրտական եկեղեցուց ինձ տեղեկացրին, որ հիշյալ Վահանն իրենց եկեղեցու անդամ չէ եւ իր այս գործունեությունը չի վայելում մկրտական եկեղեցու հավանությունը:
հարաբերությունների պատասխանատու
Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աղանդավորների բուկլետներին ո՛չ սկիզբ կա, ո՛չ էլ վերջ: Ուստիեւ մնում է ապավինել հասարակության գիտակցությանը` հույսով, որ բնակարանների մուտքի մոտ կուտակվող քարոզչաթերթիկները շատ արագ կհայտնվեն ուղիղ աղբամանում: