ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՐԺԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին երեկ այդպես էլ չհաջողվեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Նիկոյանին համոզել՝ չեղյալ հայտարարել ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու կարգադրությունը: Թեեւ որեւէ կասկած չկա, որ եթե Պողոսյանը դիմի դատարան, ապա դատարանի վճռի համաձայն՝ Նիկոյանը ստիպված կլինի գնալու այդ քայլին, քանի որ նրան աշխատանքից ազատել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթների խախտմամբ:
Ինչեւէ, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ստորագրահավաքին միացել էր 65 հոգի, ու նրանք հայտարարությունը փոխանցեցին անձամբ Նիկոյանին: Բայց մինչ այդ նրա օգնական Գագիկ Նահապետյանը լրագրողների առաջ նախապայման դրեց` Նիկոյանը պատրաստ է ընդունել լրագրողներին, բացի այդ ստորագրահավաքի կազմակերպիչ Արման Գալոյանից, այլապես նա չի ընդունի ոչ մեկին: Թե որն էր Նիկոյանի կողմից մեր թղթակցի հանդեպ նման փոքրոգի քինախնդրության պատճառը, որեւէ պաշտոնական պատասխան Նահապետյանի կողմից չհնչեց: Մնում է միայն եզրակացնել, որ ԱԺ նախագահի պաշտոնին հայտնված մարդը, իր սովորության համաձայն, «խռովել» է իր որոշման դեմ ստորագրահավաքից:
Հանդիպման ժամանակ էլ բացահայտվել է մի քանի ուշագրավ փաստ: Նիկոյանն, ըստ էության, չի հերքել, որ ինքը Գոհար Պողոսյանի հետ անձնական խնդիրներ է ունեցել: Նիկոյանն ասել է, որ երբեք էլ դրական տրամադրված չի եղել Պողոսյանի հանդեպ, բայց եւ համաձայնել է, որ ԱԺ-ում արդեն քսան տարի աշխատած Պողոսյանը պրոֆեսիոնալ է: Նա ասել է, որ ԱԺ ամանորյա տոնակատարությունների, ԱԺ նախագահի ուղերձի հետ կապված երբ աշխատանքային հանդիպումներ է ունեցել Պողոսյանի հետ, համոզվել է նրա պրոֆեսիոնալիզմի մեջ: Նիկոյանը նաեւ հայտարարել է, թե ոչ մի դեպքում մտադիր չէ Պողոսյանին վերականգնել իր նախկին պաշտոնին` պատճառաբանելով, թե իբր վիրավորված է նրանից. Պողոսյանը հիվանդության մասին բժշկի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել: Թե ինչու ԱԺ պատգամավորների փաստաթղթերի կեղծ լինելուն որեւէ արձագանք չի տալիս, իսկ արդեն 20 տարի ԱԺ-ում աշխատանքային փորձ ունեցողի հանդեպ այդպես է վարվում, Նիկոյանն, ըստ էության, չի կարողացել որեւէ հիմնավոր բացատրություն տալ ու ասել է, թե ինքն առաջին անգամն է լսում, որ պատգամավորների փաստաթղթերը կեղծ են: Լրագրողները նաեւ հետաքրքրվել են` ինչու Նիկոյանը չի ցանկացել հանդիպել Գոհար Պողոսյանի հետ: Նա ասել է, որ 2 ամիս հետո պատրաստվում է հանդիպել ու գուցե Պողոսյանին առաջարկի աշխատանք ԱԺ-ում, բայց ոչ նախկին պաշտոնին: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Նիկոյանը խիստ ապշել է, երբ տեսել է՝ ստորագրահավաքին մասնակցել է 65 լրագրող: Նա ասել է, թե ստորագրահավաքին միացած 2 լրագրող իրեն են զանգահարել ու ասել, թե հանուն լրագրողական համերաշխության են միացել ակցիային եւ իր դեմ բան չունեն: Նիկոյանը հայտարարել է, թե ինքը զզվել է այդ 2 լրագրողից եւ հարգում է մյուս 63-ին՝ սկզբունքայնության համար:
Ի դեպ, Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելը մեծ դժգոհություն է առաջացրել ԱԺ-ում: Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ տարբեր աշխատակիցները դժգոհել են, թե ինչու են ԱԺ պատգամավորներն ամեն նստաշրջանից առաջ բժշկի կեղծ տեղեկանք ներկայացնում, որպեսզի մանդատից չզրկվեն, եւ այն ընդունվում է, իսկ Գոհարի տեղեկանքը դարձավ «հայոց հարց»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս