ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՍԻՐԵԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Սահմանադրությունն ու «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը, մեղմ ասած,  անկատար են: Մասնավորապես, դրանք չեն սահմանափակում համայնքների ղեկավարների առաջադրման հնարավորությունները` այսպիսով առիթ տալով, որ ոմանք անվերջ ընտրվեն ու վերընտրվեն համայնքապետի պաշտոնում` համայնքապետությունը վերածելով «մասնագիտության»:
1999թ-ից Եղեգնաձորի քաղաքապետն է Սիրեկան Բաբայանը, ով կարծես թե չի ուզում հրաժարվել իր պաշտոնից ու դեռ, շատերի պնդմամբ, նպատակ ունի նորից եւս առաջադրվել` այսպիսով հավասարվելով Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետերին: Այս մարդու կենսագրությունը լի է հարցականներով. 1981թ. Եղեգնաձորի թիվ 1 դպրոցն ավարտելուց հետո նրա` շուրջ հնգամյա գործունեության մասին ոչինչ նշված չէ կենսագրականում, չկա տեղեկատվություն նաեւ այն մասին` արդյոք ծառայել է բանակում, թե ոչ… Հավանաբար չի ծառայել, այլապես նման մարդիկ մեծատառերով են գրում բանակում ծառայելու փաստը, որպեսզի ցույց տան, թե որքան նվիրված են հայրենիքին: Սիրեկան Բաբայանը չի նշել, փոխարենը գրել է, թե 1988-1993 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը: Երեւանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետի շրջանավարտը, որն ուսանող է դարձել 21 տարեկան հասակում, գոնե պիտի իմանար, որ 1988 թվականին սահմանների պաշտպանության խնդիր չի եղել:
 Ընդամենը մեկ տարի` 1990-1991-ին, այն էլ դեռ բուհը չավարտած (ինչը հուշում է, որ Սիրեկան Բաբայանը կարող էր նաեւ սովորած լինել հեռակա բաժնում, քանի որ ուսանողական շրջանում մարդը նաեւ սահմաններն է պաշտպանել)` աշխատել է Ռինդ գյուղի դպրոցում` որպես պատմության ուսուցիչ: Հենց ուսուցիչ աշխատած ժամանակ էլ` 1990-ից, ընտրվել է Եղեգնաձորի շրջանի «Որս» միության նախագահ: Որսորդից լավ ո՞վ կարող է անտառ պահպանել` մտածել են Վայոց Ձորի մարզպետարանում եւ Սիրեկանին նշանակել  «Եղեգիս» անտառտնտեսության տնօրեն: Այստեղ էլ երկու տարի պաշտոնավարելուց հետո` 1999-ին, ընտրվել է Եղեգնաձորի քաղաքապետ ու մինչ օրս այդ պաշտոնում է:
 2008-ի ընտրությունների ժամանակ Սիրեկան Բաբայանը հաղթեց դաշնակցական Կարեն Կարապետյանին եւ իր հարազատ կուսակցության անդամ ՀՀԿ-ական Դավիթ Խաչատրյանին: Թե ինչու էր Հանրապետականը թույլ տվել, որ իրար դեմ ելնեին երկու նժդեհական, մնում է այդ ընտրությունների առեղծվածը, սակայն մեր իրազեկ աղբյուրները պնդում են, որ հենց կուսակցությունում շատերը չէին ուզում Սիրեկանի հաղթանակը, իսկ վերջինս էլ, այդ մասին իմանալով, ոտքի հանեց ողջ քաղաքապետարանը, գործի դրեց բոլոր լծակներն ու հաղթեց: Նշենք, որ այդ ընտրություններում նա ստացել էր ընտրողների 2188 ձայն: Ի դեպ, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի. 2005թ-ին Սիրեկան Բաբայանն ընտրություններին մասնակցել է որպես անկուսակցական եւ ստացել 2 հազար 711 քվե: Մյուս թեկնածու Ավետ Մարտիրոսյանի (ՀՀԿ) օգտին քվեարկել է 1219 ընտրող: Հենց այս ընտրություններից հետո էլ Սիրեկան Բաբայանը շտապել է դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, որպեսզի ամրապնդի իր տանիքը:
Բայց արի ու տես, որ նրան ո՛չ քաղաքում են սիրում, ո՛չ կուսակցությունում: Սիրեկան Բաբայանին չեն սիրում Եղեգնաձորում, որովհետեւ բնակիչներն էլ տեսնում են, որ քաղաքը  կքել է  բազմաթիվ հոգսերի բեռան տակ, իսկ քաղաքապետարանն էլ  դրանց լուծման ուղղությամբ գրեթե որեւէ ծրագիր կյանքի չի կոչում: Փոխարենը քաղաքապետը չի զլանում եւ ակտիվություն է հանդես բերում ոչ նպատակային տեղերում առեւտուր իրականացնող մարդկանց պատժելու հարցում: Այսպես, համայնքի ղեկավարի մի որոշման մեջ կարդում ենք. «1. Արմեն Մովսիսյանին ոչ  սահմանված վայրում առեւտուր կատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով  տուգանք նվազագույն աշխատավարձի 100%-ի չափով (1000 դրամ)»: Դե ինչ, մարդն օրենք է հարգում, ու քանի որ այլ կարեւոր գործեր չունի, զբաղվում է տուգանքներով:
Եղեգնաձորում, իհարկե, խոսում են շուրջօրյա ջրամատակարարման անցնելու մասին, բայց քաղաքացիները շտապում են հավաստիացնել, որ դա բնավ էլ կապ չունի քաղաքապետի գործունեության հետ: Այս ամենն արվել է  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենի նախաձեռնությամբ, իսկ Սիրեկան Բաբայանն ընդամենը կանգնել է ջրագծի շահագործման արարողության ժամանակ ու հանդիսավոր խոսք ասել: Ըստ եղեգնաձորցիների պնդումների` քաղաքապետը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում «Գետնատուն» գինու գործարանին, որի սեփականատերերից է համարվում: Եղեգնաձորցիները խոսում են Բաբայանի ունեցվածքի, բիզնեսի մասին` չմոռանալով նկատել, որ գուցե իրենց քաղաքապետը շատ հարուստ մարդ էլ չէ, բայց քաղաքում տիրող համատարած աղքատության ֆոնին նա իսկապես առանձնանում է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս