ՀՀԿ-ական պատգամավորները սկսել են անուղղակի կերպով ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Բայց չնայած օրենսդրական այս արգելքին, ՀՀ ԱԺ պատգամավորների զգալի մեծամասնությունը զբաղվում է ձեռնարկատիրությամբ՝ նրանք խոշոր գործարարներ են: Եվ այդ փաստն այնքան ակնհայտ է, որ ամեն անգամ պատգամավորները կամա թե ակամա հաստատում են այդ հակասահմանադրական իրավիճակը:
Ինքնախոստովանական ցուցմունքի ավելի փայլուն դրսեւորում, քան ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունն էր, դժվար թե ԱԺ-ն ականատես եղած լիներ իր նիստերի պատմության ընթացքում: Բադեյանը ուղղակի փոսը գցեց ՀՀԿ գործարար պատգամավորներին: Եվ այսպես, երբ երեկ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախագծի քննարկումներն էին ընթանում, ելույթ ունեցավ «Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը: «Մեղադրում եք բիզնեսմեններին, ովքեր եկել են ԱԺ՝ իբր թե պաշտպանելու բիզնեսը»,- ընդդիմությանն ասաց Մանվել Բադեյանը, հետո դիմելով դահլիճում նստած ՀՀ ֆինանսների նախարար, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին հարցրեց. «Պարոն Խաչատրյան, քանիցս ունեցել ենք ընդհարումներ, հաջողվե՞լ է ինձ պաշտպանել բիզնեսը: Երբեք»: Այլ կերպ ասած, Բադեյանն ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ ինքը բիզնեսմեն է, եւ փորձել է պատգամավորական մանդատն օգտագործել բիզնեսը պաշտպանելու համար, միայն թե՝ իրեն չի հաջողվել:
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձեց փրկել իրավիճակը, եւ չկարողանալով թաքցնել ժպիտը, ասաց. «Շնորհակալություն ազնիվ, անկեղծ ելույթի համար: Պարոն Բադեյանը, ինչպես միշտ, օրիգինալ է, բայց ամենակարեւորը՝ անկեղծ»: Սակայն ՀՀԿ-ականներից շատերը երեկ անակնկալի էին եկել Բադեյանի ինքնախոստովանություններից, նույնիսկ՝ զայրացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ականներից մեկը դժգոհեց, թե իրենք փորձում են փակել այս թեման, բայց Բադեյանն «ընդդիմության բերանը լեզու դրեց»:
Միայն թե ամեն անգամ, երբ ընդդիմությունը կամ մամուլը նրանց մեղադրում է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտելու մեջ, պատգամավորները ջանասիրաբար սկսում են արդարանալ, թե դա սուտ է: Լավագույն դեպքում, այդ գործարարները խոստովանում են, որ իրենք ընդամենը բաժնետեր կամ սեփականատեր են, իսկ բիզնեսի կառավարումը, ասել է թե՝ ձեռնարկատիրությունը հանձնել են հավատարմագրային կառավարման, հիմնականում իրենց կանանց ու երեխաներին:
Սակայն, մայիսի 14-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պարզվեց բոլորովին հակառակը. հանդիպման մասնակիցների գերակշիռ մասը ԱԺ գործարար պատգամավորներն էին, այլ ոչ թե նրանց կանայք կամ բիզնեսը հավատարմագրային կարգով կառավարողները: Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանի գործարար հավաքին մասնակցելով, մեր գործարար պատգամավորները խոստովանեցին՝ որ իրենք, այնուամենայնիվ, գործարար են ու խախտում են Սահմանադրության 65-րդ հոդվածը: Այսինքն՝ անուղղակիորեն հաստատեցին այն, ինչը հայտնի էր ի սկզբանե, ուղղակի չէին ընդունում: Սա, ոչ այլ ինչ էր, քան ինքնախոստովանական ցուցմունք: Ճիշտ է, ավելի ուշ նրանք սկսեցին արդարանալ, թե այդ հանդիպմանը մասնակցել են որպես ԱԺ պատգամավոր, բայց այդ ամենը համոզիչ չէ: Առավելեւս, երբ նախկինում էլ Սերժ Սարգսյանի՝ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներում, առաջին շարքերում կրկին նույն պատգամավորներն էին նստած:
Ի դեպ, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս թեման այլ զարգացումներ ստացավ: ՀԱԿ խմբակցության պատգամավորները կառավարության անդամներին մեղադրեցին ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետ Հ.Աբրահամյանին ուղղված իր հարցում նշեց, թե իրենք չեն ցանկանում համագործակցել այս իշխանությունների, այս կառավարության հետ, քանի որ. «Դուք այսքան խոսում եք մրցակցության հավասարության, օրենքի, մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց ես ինչպե՞ս կարող եմ այդ ամեն ինչին հավատալ, եթե դուք հենց ձեր առաջին քայլերով հերքում եք ձեր ասածները: Օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի՝ «սուպերնախարար» նշանակումը, մի մարդու, ում, «Հետք» հետաքննող լրատվամիջոցի տվյալներով, պատկանում են Եղվարդից Երեւան եկող երթուղին, «Անի» տաքսի ծառայությունը, տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող ընկերություններ: Նա հանդիսանում է նաեւ «Յուքոմի» ստեղծողը, այն մենաշնորհների հեղինակներից մեկն է, որը տարածվում է օպտիկական մալուխի ներկրման վրա, այսինքն՝ ունի շատ հստակ բիզնես շահեր: Եվ հետաքրքիր է, որ այդ մարդուն տալիս եք ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային, ե՛ւ ֆինանսական ամբողջ համակարգը եւ ուզում եք, որ մենք հավատանք, որ չկա շահերի բախում, իշխանության չարաշահում, հովանավորչություն, պաշտոնյաների համար հարստություններ դիզելու, առավելություններ ստեղծելու միտում»:
Հ.Աբրահամյանն էլ եթե սկզբում արդարանում էր, թե ինքը կոնկրետ տեղեկություններ չունի նախարարների՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, հետո խոստովանեց՝ «բոլորը պիտի հասկանան, որ նշանակումից հետո նախարարները ոչ մի արտոնությունից չեն օգտվելու, իսկ շարունակելու դեպքում նրանք կազատվեն աշխատանքից. անփոխարինելի մարդ չկա»: «Դուք հենց ձեր ելույթով օրինականացրիք այն, որ մարդը կարող է միաժամանակ զբաղվել բիզնեսով եւ լինել նախարար կամ պատգամավոր, իսկ եթե ձեր ասածն այն է, որ սրանից հետո չեն զբաղվելու, դա նշանակում է, որ անցած հանցագործությունները ներո՞ւմ եք»,- արձանագրեց Զուրաբյանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ