ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ-որ մեր բախտը բերել է, որ դուք չեք ուզում աշխատել մեզ հետ, թե՛ մեր, թե՛ ժողովրդի… Դրա համար կարելի է ոչ ջրիկ հարցեր տալ: Մեր տեսքը ձեզ դուր չի գալիս, դա ուրիշ հարց է»:

 

Գալուստ Սահակյան 1in.am

ԱԺ նախագահ դառնալով՝ Գալուստ Սահակյանը կատարելագործել է իր խոսքային ունակությունները եւ ավելի «փայլուն» մտքեր է արտահայտում: Իրենց ուղղված բոլոր այն հարցերը, որոնք ձեռնտու չեն, «ջրիկ» հարցեր են: Հետաքրքիր է, թե Սահակյանը ոնց է «ջրիկ»-ը զատում «պնդից»: Այսքանից հետո էլ Սահակյանն ասում է, թե իրենց հետ չեն ուզում աշխատել: Իսկ ինչո՞ւ պետք է ուզեն, եթե յուրաքանչյուր հարց «ջրիկ» է որակվելու: Ո՞նց պնդացնեն, ինչո՞վ պնդացնեն հարցերը, որ Սահակյանի դուրը գան: Իսկ ինչ վերաբերում է իրենց տեսքին, ապա որեւէ մեկին դուր գալու համար նախ պետք է այդ համապատասխան տեսքը ունենալ:

 
«Մարզահամերգային համալիրի աճուրդին պետք է ըմբռնումով վերաբերվել… Ինչ խոսք, առաջնորդվում են պետական շահի գերակայությամբ»:

Արտաշես Գեղամյան Armlur.am

Հետաքրքիր է, ճամբարափոխ եղած եւ ՀՀԿ-ական պատգամավոր դարձած նախկին ծայրահեղ ընդդիմադիր գործիչն ինչու իր ընդդիմադիր եղած ժամանակ ոչ մի անգամ չէր նկատել, որ մեր իշխանություններն ինչ անում են, ինչ վաճառում են՝ առաջնորդվում են պետական շահի գերակայությամբ: Երբ այն ժամանակ Արտաշես Գեղամյանը պարբերաբար ամենասուր ու անխնա քննադատությունների էր ենթարկում իշխանություններին, ինչ է, մոռացե՞լ էր պետական շահի մասին, թե՞ Գեղամյանի համար սեփական ֆինանսական վիճակի բարելավումն էլ է պետական շահ համարվում, ճամբարափոխություններին էլ պետք է ըմբռնումով մոտենանք:

 

«Այն, որ լրագրողները ոչ նպատակային հոդվածներ են գրում, դա մեր կյանքը բարդացնում է: Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, խորհուրդ եմ տալիս չխոչընդոտել, չխանգարել, եւ դուք կհամոզվեք, թե ինչ լավ գործեր ունենք արած»:

Գագիկ Խաչատրյան Armlur.am

Սուպերնախարար դարձած սուպերբիզնեսմենը եթե գիտի, որ ՀՀ-ն փոքր երկիր է, եւ այստեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ապա էլ ի՞նչ է լրագրողներին հորդորում չգրել այդ մասին: Լրագրողներն հանրությանը տեղեկացնում են, թե որ պաշտոնյան ինչ բիզնեսներ ունի: Եթե Գագիկ Խաչատրյանը դա համարում է խոչընդոտել եւ խանգարել, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր այդ բիզնեսներն ու «լավ գործերն» այնքան էլ մաքուր չեն, իսկ եթե խոսքը վերաբերում է սեփական բիզնեսի վերաբերյալ հրապարակումներին, ապա կրկին իմաստ չունեն իր հորդոր-հերքումները, մեկ է՝ Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորը բոլորի մասին գիտեն:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս