ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ ամուսնության պայմանագրով ինչպե՞ս են կարգավորվում ամուսինների գույքային հարաբերությունները: Ամուսնական պայմանագրում նշվո՞ւմ է, թե ինչպես է տնօրինվելու նրանցից յուրաքանչյուրի գույքը:

Սուսաննա Մխիթարյան (28 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր:
Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներինե:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ ՀՀ-ում էլ են կնքվում ամուսնական պայմանագրեր, բայց ցավալի է, որ ամուսիններն այդ հարցում տեսնում են առավելապես իրենց սեփական շահը:

 
ՀԱՐՑ. Նախկին ամուսնուս հետ գտնվում եմ գրանցված ամուսնության մեջ, բայց 3 տարի հարաբերություններ չենք պաշտպանում: Ունենք 3 տարեկան տղա եւ այս ամբողջ ընթացքում ամուսինս չի տեսնել նրան: Հանգամանքների բերումով 3 տարի առաջ ինձ չհաջողվեց ձեւակերպել ապրուստադրամի վճարում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք ես իրավունք ունեմ երեխայի համար ապրուստամիջոց պահանջել իր հորից վերջին 3 տարիների համար:

Ալլա Մարիկյան (32 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ ԸՕ 95 հոդվածի՝ ապրուստադրամը հանձնվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակաշրջանի դիմաց ապրուստամիջոցի գանձման համար (ոչ ավելի, քան դատարան դիմելուց երեք տարի առաջ) անհրաժեշտ է ապացուցել, որ.
ա) պարտապանը խուսափել է ապրուստադրամի վճարումից:
բ) իրավազոր անձը քայլեր է ձեռնարկել երեխաների պահման համար միջոցների ձեռքբերման ուղղությամբ:
Համաձայն քաղաքացիական հարցերով դատավարության կարգը կանոնակարգող ՀՀ Քաղաքացիական դատավարական օրենսգրքի 48 հոդվածի՝ յուրաքանչյուր կողմը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնք նա ներկայացնում է որպես իր պահանջների եւ առարկությունների հիմք: Ձեր դեպքում ենթադրվում է ապացուցել, որ Ձեր ամուսինը խուսափել է երեխաների պահման համար ապրուստադրամի վճարումից, ինչպես նաեւ այն, որ դուք քայլեր եք ձեռնարկել պարտապանից երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման ուղղությամբ:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարական օրենսգրքի 47 հոդվածի՝ քաղաքացիական գործով ապացույցներ են հանդիսանում ցանկացած փաստային տվյալներ, որոնց հիման վրա դատարանը որոշում է կողմերի պահանջները եւ առարկությունները, ինչպես նաեւ գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ պարագաները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տվյալները հաստատվում են. կողմերի եւ երրորդ անձանց բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով եւ փորձագետների եզրակացություններով:

«Ձեր իրավախորհրդատու փաստաբանական» գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե Ա. Մարիկյանը ժամանակին դիմել է դատարան եւ սահմանված ժամկետները համապատասխանում են, ապա նա կարող է 3 տարիների չվճարված ապրուստադրամները հետ ստանալու ակնկալիք ունենալ:

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Առաքելական եկեղեցին չի ընդունում ինքնասպանությունը: Հետաքրքիր է իմանալ, եթե մարդ ինքնասպանություն է գործում անգիտակից վիճակում, արդյո՞ք արդարացվում է նրա արարքը:

Աննա Պողոսյան (23 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնասպանությունը ոչ մի դեպքում չի արդարացվում: Ցանկացած մարդ, ով դիմում է ինքնասպանության, բնականաբար, այդ պահին հոգեպես առողջ չէ, անհավասարակշիռ վիճակում է եւ չի գիտակցում իր արածի լրջությունը: Այս դեպքում ոչ մի արդարացում չկա: Սակայն կան մարդիկ, ովքեր ի ծնե մտավոր արատ ունեն, կամ «հոգեկան» հիվանդներ են: Եթե նման մարդիկ են դիմում ինքնասպանության, ապա նման մարդկանց համար կատարվում է հոգեհանգստի կամ թաղման կարգ, քանի որ իրենց ինքնասպանության փաստը հուսահատության եւ անհավատության արդյունք չէ, այլ մտավոր արատի, ինչն էլ կարելի է «արդարացուցիչ» հանգամանք դիտել:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 103 դեպք, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակում այն հասել է 118-ի: Այսինքն՝ այդ թիվն աճել է մոտ 15 տոկոսով: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ ինքնասպանություն գործածների 50 տոկոսը գործազուրկներ են, 28 տոկոսը` թոշակառուներ, 3.4 տոկոսը` ուսանողներ եւ այլն: Ասել է թե` ինքնասպանության պատճառների շարքում առանցքային տեղ ունեն սոցիալական խնդիրները:




Լրահոս