ԱԿՈՒՄԲԱՅԻՆ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր գործունեությունը սկսել է առավելապես պոպուլիստական հայտարարություններով, որոնք շատ կարճ ժամանակում մեկը մյուսի հետեւից փուչիկների նման պայթում են (կուտակայինի պարտադիր բաղադրիչի վերացման, գործարար պաշտոնյաներին աշխատանքից ազատելու եւ այլնի շուրջ), նրա մի նախաձեռնություն, այնուամենայնիվ, բավականին հետաքրքիր է, թեեւ` նույնքան դժվար իրագործելի:
Խոսքը «վարչապետերի ակումբ» ստեղծելու գաղափարի մասին է, որն օրերս բարձրաձայնեց Աբրահամյանը` ընդգծելով, որ այդ կերպ իրենք կփորձեն օգտագործել երկիրը ղեկավարած նախկին պաշտոնյաների հսկայական փորձառությունն ու գիտելիքները: Իհարկե, սա նորություն չէ, եւ նման ակումբներ կան բազմաթիվ երկրներում: Սակայն նկատենք, որ ժամանակին «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» դարակազմիկ արտահայտությունն արած Հովիկ Աբրահամյանն իր այս նախաձեռնությունը հաջողելու դեպքում շատ ավելի «խելացի» քայլ արած կլինի, քան իր նախորդները, որոնք այդպես էլ (բացառությամբ Անդրանիկ Մարգարյանի) չկարողացան հաղթահարել իրենց նախորդի եւ հաջորդի նկատմամբ ունեցած հակակրանքը:
Օրինակ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այդպես էլ չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենից հետո եկած վարչապետերն էլ են ինչ-որ չափով տնտեսությունից հասկանում: Եվ եթե անգամ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ մածունը սպիտակ է, Բագրատյանն անմիջապես ներկայացնում էր առնվազն մեկ տասնյակ թվային տվյալներ, որոնք ապացուցում էին, որ մածունը ոչ մի դեպքում չի կարող սպիտակ լինել: Բայց հիմա Հովիկ Աբրահամյանը կարծես թե գտել է Հրանտ Բագրատյանի էքսվարչապետական ամբիցիաները շոյելու եղանակը, մինչդեռ նախկինում` ԱԺ նախագահ եղած շրջանում, անթաքույց հեգնանքով էր վերաբերվում Բագրատյանին:
Միմյանց հանդեպ նույնպիսի «ջերմ» վերաբերմունք ունեն նաեւ Խոսրով Հարությունյանն ու Վազգեն Մանուկյանը, ավելի չեզոք դիրքում են Արմեն Դարբինյանը եւ Գագիկ Հարությունյանը, իսկ ահա Արամ Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի վարչապետական գործունեության մասին այսօր գրեթե ոչ ոք չի հիշում:
Հ. Աբրահամյանի այս գաղափարի «չամիչն», իհարկե, ՀՀ երկու նախկին վարչապետերին` Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին այս «ակումբում» թեկուզ սիմվոլիկ ընդգրկելու հնարավորությունն է, ինչը, սակայն, դժվար թե իրագործվի:
Ամեն դեպքում, հարկ է նկատել, որ իր այս առաջարկով «շատ խելքը» անհրաժեշտ նախապայման չհամարող վարչապետը փորձում է անել այն, ինչն անկախ Հայաստանի 13 վարչապետերից հաջողվել է միայն մեկին` Անդրանիկ Մարգարյանին: Սակայն լուսահոգի Ա. Մարգարյանը դա անում էր բացառապես իր մարդկային որակների շնորհիվ` առանց քաղաքական հեռահար նպատակների, ինչպիսիք որ առկա են նախագահական աթոռի մասին երազող Հ. Աբրահամյանի մոտ:




Լրահոս