ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
ՀՀ կառավարության ծրագիրը երեկ ընդունվեց կեղծիքներով. թեեւ քվորումի բացակայության խնդիր չկար, այնուամենայնիվ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կրկին քվեարկում էին բացակա ընկերների փոխարեն: ՀՀԿ-ականներին երեկ որքան հնարավոր է «բերման էին ենթարկել» խորհրդարան՝ նույնիսկ գինովցած վիճակում: Տեղեկացնենք, որ Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ քվեարկեցին, իսկ Խաչիկ Քոքոբելյանը՝ դեմ: Արդյունքում՝ կառավարության ծրագիրը հաստատվեց 70 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ ԱԺ վեց խմբակցություններից հինգը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը հայտարարեցին ծրագրի քվեարկությունը բոյկոտելու մասին: Ի դեպ, ՀՀԿ-ից եւս եղան պատգամավորներ, ովքեր չմասնակցեցին քվեարկությանը՝ 41 ընտրատարածքից ընտրված Հակոբ Հակոբյանը՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերը, եւ Հայկ Բաբուխանյանը: Համեմատության համար նշենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի հաստատմանը մասնակցել էր 123 պատգամավոր. կողմ էր քվեարկել 75-ը, դեմ՝ 47-ը, ձեռնպահ՝ 1-ը: 2013թ. կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցել էր 117 պատգամավոր, որից 76-ը՝ կողմ, 41-ը՝ դեմ: Հիմա, փաստորեն, մասնակցել է 72 (իրականում՝ 71) պատգամավոր: Ասել է թե՝ կառավարության ծրագրի նկատմամբ վստահությունը կորել է անգամ հենց օրենսդիրների շրջանում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների մոտ հայտարարել է, թե 2018 թվականին իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնին: Նաեւ հայտարարել է, որ ինքն արդեն Մոսկվայից ՀՀ նախագահ դառնալու «դաբրո» ունի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի դեմքերով: Իսկ մինչ այդ նա լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ ամբոխահաճո նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, վերջինս ասաց. «Դեռ երկար ժամանակ կա նախագահական ընտրություններին, ու եթե պարոն Բաղդասարյանը որոշում կայացնի, ապա նա այդ մասին հրապարակային կհայտնի: Իհարկե չի բացառվում, որ պարոն Բաղդասարյանը կառաջադրվի նախագահի թեկնածու»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով՝ ՀՀ-ում ստվերի 100 տոկոս «վերացումը» սխալ է: «Իմ կարծիքով՝ չափավոր ստվերը զարգացնում է տնտեսությունը, իզուր չէ, որ այսօր ԱՄՆ-ի պես զարգացած երկրում 30-40 տոկոս ստվեր կա, ինչ եք կարծում, իրենք չեն կարո՞ղ այդ ստվերը վերացնել»,-հարցադրեց օրենսդիրը: Պատգամավորը նշեց նաեւ, որ ճիշտ չի համարում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետեւից խոսելը. «Պաշտոնից դուրս եկած ղեկավարի մասին, ես գտնում եմ, որ ճիշտ չէ վատ բաներ խոսել, ովքեր վատ բաներ ասում էին, ապա թող դա ասեին պաշտոնավարման ժամանակ: Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ ասել էին, նրանք իրավունք ունեն հիմա ինչ-որ բաներ ասելու, ովքեր չեն ասել, լռել են, որոշ թերությունների վրա աչք են փակել, ապա իրավունք չունեն այսօր որեւէ բան ասել»:
Վերնիսաժի կրակոցներից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել: Ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից, ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա: Լուրեր կան, որ մի խումբ ախալքալաքցիներով հավաքվել, զրուցել են՝ նաեւ ՌԴ-ում բնակվող իրենց ընկերների հետ՝ որոշելու, թե ինչ անեն: Երեկ «ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է հիվանդանոց՝ զրուցելու Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի հետ, սակայն չի հաջողվել, քանի որ ոստիկանները խստացված ռեժիմով հսկում են նրանց: Անծանոթներին արգելում են հանդիպել Նորայրին ու Վալերիին: Հավաքված երիտասարդների հետ զրույցից պարզեցինք, որ ախալքալաքցիները վրդովված են Գոռ Առաքելյանի քայլից, որ կրակոց է արձակել: Մինչդեռ Գոռի կողմնակիցներն էլ ասում են, որ նա իր ընտանիքի եւ սեփական անվտանգության համար է կրակել: Իսկ թե ով է սխալ, ով ճիշտ, թերեւս կպարզի նախաքննությունը: