«ՊԱՇՏՈՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ՎԱՏ ԲԱՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով՝ ՀՀ-ում ստվերի 100 տոկոս վերացումը սխալ է: Պատգամավորը նշեց, որ ինչ-որ չափով պետք է անպայման ստվեր լինի, որը զարգացնում է տնտեսությունը:

-Պարոն Հակոբյան, որպես գործարանի սեփականատեր եւ հայաստանյան բիզնեսին քաջատեղյակ պատգամավոր, ինչ եք կարծում` ՀՀ կառավարության ծրագիրը որքանո՞վ է իրատեսական եւ որքանով է այն օգնելու գործարար հատվածին:
-Վարչապետն արդեն հստակ ասել է, որ լինելու է գործարարների կողքին, լինելու է հավասար դաշտ: Իսկ իմ կարծիքով՝ եթե հավասար դաշտ եղավ եւ ներքին արտադրողը խրախուսվեց, ապա իրականում լավ կլինի: Ճանաչելով Հովիկ Աբրահամյանին` համոզված եմ, որ ինքն իր ասածները փորձելու է իրագործել: Մենք էլ մեր տեղը փորձելու ենք օգնել, որ դա իրականություն դառնա: Իսկ եթե դա իրականություն դառնա, ապա դա բխում է բոլորիս շահերից, անկախ նրանից մենք հասարակ քաղաքացի ենք, գործարար ենք, թե պատգամավոր:
-Գործարարների շրջանում այս օրերին խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն ահռելի վնաս է հասցրել ՀՀ տնտեսությանը, որից տուժել են ՀՀ գործարարները: Դուք որքան վնաս եք կրել այս տարիների ընթացքում:
-Որ ասում եք՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վնաս է հասցրել գործարարներին, ես այդքան էլ համամիտ չեմ: Պարզապես Տիգրան Սարգսյանի կառավարությունը աշխատել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին ու ավելի շատ դա է նպաստել տնտեսության քիչ զարգացմանը: Ու ես դա չեմ կապում Տիգրան Սարգսյանի անձի հետ, եթե ես էլ լինեի՝ երեւի նույն կերպ կվարվեի: Հիմա ժամանակները գնալով փոխվում են, իհարկե հիմա էլ խնդիրներ կան, այնպես չէ, որ խնդիրներ չկան, հուսով ենք՝ նոր կառավորությունը նոր կազմով կկարողանա ստեղծված իրավիճակում լուծումներ գտնել:
-Նաեւ խոսակցություններ կան, որ Տիգրան Սարգսյանը սովորություն ուներ գործարարների հետ «փայ» մտնել ու ժամանակին ցանկացել է նաեւ Ձեր գործարանից մասնաբաժին ունենալ…
-Իհարկե, ես այդ տեսակետը չեմ կիսում, մամուլում նման տեղեկություններ եղել են, բայց իրականում նման բան չի եղել: Մի բան էլ ասեմ. պաշտոնից դուրս եկած ղեկավարի մասին, ես գտնում եմ, ճիշտ չէ վատ բաներ խոսելը, ովքեր որ այսօր վատ բաներ ասում են, թող դա ասեին նրա պաշտոնավարման ժամանակ: Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ եւս ասել են, նրանք ունեն իրավունք ինչ-որ բաներ ասելու, ովքեր չեն ասել, լռել են, որոշ թերությունների վրա աչք փակել, ապա իրավունք չունեն որեւէ բան ասել: Կապ չունի այստեղ Տիգրան Սարգսյանն է, թե ով է, ցանկացած պաշտոնատար անձի մասին է խոսքը:
-Տեղեկություններ կան, որ այս օրերին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ականները բուռն քննարկում են Տ. Սարգսյանի վարած քաղաքականությունը: Անգամ առաջարկում են հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կբացահայտի, թե Տ. Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով գործարարները ինչքա՞ն վնաս են կրել: Դուք համամի՞տ եք նման հանձնաժողով ստեղծելու գաղափարի հետ:
-Ես հանձնաժողովի նիստերին ակտիվ մասնակցողներից մեկն եմ ու ես նման քննարկման ներկա չեմ եղել, իսկ եթե նման բան լիներ՝ ես անպայման ներկա կլինեի: Բերեք չասենք նախկին ներկա կառավարություն, ընդհանուր առմամբ, ես իմ պատգամավորական 7 տարվա փորձից եկել եմ այն կարծիքին, որ եթե ուզում ես հարցից շեղվել, ապա ստեղծում ես հանձնաժողով: Իմ կարծիքով՝ հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, իսկ իշխանության ներսում կան համապատասխան կառույցներ, որոնք պարտավոր են գործընթացներին հետեւել: Ընդամենը պետք է լավին լավ ասել, վատին՝ վատ:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ վերջին հանդիպման ժամանակ, որին, ի դեպ, ներկա էիք նաեւ Դուք, հայտարարել է, որ այսուհետ գործարարները պետք է ստվերում չաշխատեն: Կկարողանա՞ք կատարել Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը:
-Ներկա եղել եմ, բայց մենք ստվերով չենք աշխատում: Ժամանակին եղել է ստվեր, բայց ստվերը բոբո չէ, որ բոլորին պետք է դնել ու վերացնել: Իմ կարծիքով՝ չափավոր ստվերը զարգացնում է տնտեսությունը, իզուր չէ, որ այսօր ԱՄՆ-ի պես զարգացած երկրում 30-40 տոկոս ստվեր կա, ինչ եք կարծում՝ իրենք չեն կարո՞ղ այդ ստվերը վերացնել: 100 տոկոսով ստվերը վերացնելը կարծում եմ՝ այսօրվա իրավիճակում… չգիտեմ:
-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ պատգամավորը ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ իրավունք չունի գործարարությամբ զբաղվել: Ինչո՞ւ եք օրենք խախտում:
-Ես սեփականատեր եմ, ունեմ բիզնեսներ, իմ գործերով զբաղվում է Աշոտ Բաղդասարյանը, ով իմ գործընկերն է, բիզնեսներով զբաղվում է իմ ընտանիքը՝ կինս, աղջիկս, տղաս եւ եղբորս տղան: Եթե պետք է լինում՝ անպայման խորհուրդներ տալիս եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս