ԸՆԴՄԻՇՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, իսկ այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի միակ անդամն է, ով կառավարության հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետեւյալ կերպ մեկնաբանեց.
-Կարծում եմ՝ ՀՀԿ թիմն է, ամեն դեպքում:
-Այսինքն՝ կառավարությունում մնացել եք որպես ՀՀԿ-ի թիմի, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ:
-Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ եւ աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ:
-Հիմա կապ ունե՞ք Տիգրան Սարգսյանի հետ:
-Այո:
-Նրա հրաժարականն անակնկալ էր շատերի համար, ասում են՝ նաեւ անձամբ Տիգրան Սարգսյանի համար:
-Ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետեւեք բոլոր գործընթացներին, կտեսնեք, որ հրաժարական տվեց ինքը:
-Պարտադրվա՞ծ էր այդ հրաժարականը, թե՞ ոչ:
-Իմ կարծիքով՝ ոչ:
-Միգուցե Քառյակի պահանջով էր:
-Կարծում եմ՝ Քառյակը որեւէ կապ չունի:
ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱԲԵ՞Ց
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հուսահատված աշխատակիցները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներ անցկացնել: Պատճառն այն է, որ նրանք տեւական ժամանակ է, ինչ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը: Ի դեպ, օրեր առաջ գործարանի աշխատակիցներից մի քանիսը դիմել էին էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին, իսկ վերջինս էլ խոստացել էր, որ մայիսի 21-22-ին հստակ պատասխան կտա, թե երբ կարող են նրանք աշխատավարձ ստանալ: «Նախկին նախարար Արմեն Մովսիսյանը գոնե ամիսը մեկ աշխատավարձ էր տալիս, բայց նոր նշանակվածը նույնիսկ իր խոստումը չկատարեց»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած ասաց աշխատակիցներից մեկը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ
Երբ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրաժարվեց ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի պաշտոնից, լուրեր տարածվեցին, թե Իսագուլյանը կանչվել է ԱԱԾ` անհայտ պատճառներով: Armlur.am-ը Իսագուլյանի հետ զրույցում փորձեց պարզել` որն էր իրեն ԱԱԾ կանչելու պատճառը, ինչն առաջին պահին զարմացրեց մեր զրուցակցին, ով կտրականապես հերքեց լուրը, թե իրեն հրավիրել են ԱԱԾ` միաժամանակ նշելով, որ այդ հիմնարկում ինքը շատ մտերիմներ ունի. «Ճիշտ է, ես այդ հիմնարկում շատ մոտիկ եւ բարի ծանոթներ ունեմ, եւ հարգում եմ հիմնարկի աշխատանքը: Անգամ ասել եմ, որ կարող են նույնիսկ ֆորմատներ փոխվել, իշխանություններ փոխվել, բայց այդ հիմնարկի աշխատողներն այն մարդիկ են, ովքեր միշտ են մեր պետությանը պետք»։