Մեր նախորդ համարներում հրապարակված լրագրողական հետաքննությանը երեկ արձագանքել է ՀՀ մի քաղաքացի, որն, ըստ ամենայնի, աշխատել կամ աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Նա հետաքրքիր տեղեկություններ է հայտնել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին 2012-ին տրված վիճահարույց տեղեկանքի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակից որոշ հետաքրքիր հատվածներ:
«Այն փաստաթուղթը, որն այսօր կներկայացնեմ հանրությանը, ինձ մոտ է եղել դեռեւս 2012թ. ամռանը: Խոստովանում եմ, որ այն հրապարակային չդարձնելու պատճառներից մեկն էլ, թերեւս, համարձակության պակասն էր: Այս ժամանակահատվածում մեղավորության զգացողությունը մերթընդմերթ բզկտում էր հոգիս: Այժմ ապաշխարելու եւ ինքս ինձ հետ ազնիվ լինելու հնարավորություն եմ ստացել, որովհետեւ կարդալով «Ժողովուրդ» թերթի՝ 2014թ. մայիսի 13-ի եւ 14-ի հրապարակումները ինձ համար ակնհայտ դարձավ, որ թերթը լիովին տիրապետում է 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ գործող պատգամավոր Է. Մարուքյանին տրված տեղեկանքի գործընթացին:
ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի եւ ելքի մասին ինֆորմացիան՝ տարիների, ամիսների, օրերի, ժամերի, րոպեների եւ վայրկյանների կտրվածքով տեղակայված է բացառապես ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում, որից կարող են օգտվել որոշ կառույցներ:
Ես հրապարակում եմ իմ մոտ եղած փաստաթղթերից մեկը. այն է՝ ՀՀ կառավարությանն առնընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղակայված Էդմոն Հրաչիկի Մարուքյանի՝ մասնավորապես 2009թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային սահմանով ունեցած ելքի (մեկնելու) եւ մուտքի (վերադառնալու) վերաբերյալ միջազգային պրակտիկայում ընդունված գրագրության անգլերեն լեզվով իրականացվող փաստաթղթի հայերեն թարգմանությունը՝ «Էդմոն Մարուքյանը (ծնվել է 13.01.1981թ.) AH0545912 անձնագրով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 06.04.2009թ. ժ. 17:57:03-ին, իսկ վերադարձել է՝ 08.04.2009թ., ժ. 08:56:42-ին, AH0545912 անձնագրով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 21.04.2009թ., ժ. 05:48:34-ին, իսկ վերադարձել՝ 30.04.2009թ., ժ. 03:35:37-ին,. AH0545912 անձնագրով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 13.06.2009թ., ժ.05:00:41-ին, իսկ վերադարձել՝ 30.06.2010թ., ժ.07:09:35-ին նոր՝ AK0506783 անձնագրով, AK0506783 անձնագրով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 10.09.2010թ., ժ.03:55:01-ին, իսկ վերադարձել է 20.09.2010թ., ժ.05:11:12-ին, AK0506783 անձնագրով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 01.05.2011թ., ժ.04:40:11-ին, իսկ վերադարձել՝ 09.05.2011թ. ժ. 04:58:45-ին»: Այսպիսով Մարուքյանը մասնավորապես AH0545912 անձնագրով Հայաստանից մեկնել է 13.06.2009թ. ժ.05:00:41-ին, իսկ Հայաստան է վերադարձել 30.06.2010թ. ժ.07:09:35-ին՝ նոր անձնագրով (AK0506783):
Այսինքն՝ 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը Մարուքյանը Հայաստանից մշտապես բացակայել է 1 տարի 17 օր: Սակայն, Մարուքյանին տրվել է կեղծ տեղեկանք՝ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին:
Տեղեկացնում եմ, որ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի եւ ելքի մասին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության իմ՝ արդեն վկայակոչած սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղակայված փաստաթղթի համաձայն՝ մասնավորապես 2009թ. հունվարի 1-ից մինչեւ 2011 թ. հունվարի 1-ը Էդմոն Մարուքյանը Հայաստանի օդային սահմանով՝ բացառապես «Զվարթնոց» օդանավակայանով ելք եւ մուտք ունեցել է 10 անգամ, իսկ ցամաքային սահմանով՝ բացառապես հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով Մարուքյանը ելք եւ մուտք ունեցել է 14 անգամ:
Մարուքյանի տեղեկանքի վերաբերյալ հրապարակայնորեն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն նաեւ ԱԺ պատգամավորները: Այդ տեսակետից խորհրդարանականների համար ուսանելի կարող է դառնալ պատգամավոր Զ. Փոստանջյանի պահվածքը, որը դեռեւս 2012թ.նոյեմբերի 9-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարուքյանին հիմնավոր ձեւով մեղադրեց իշխանությունների հետ հանցավոր գործարքի արդյունքում խորհրդարանում հայտնվելու մեջ. «Դուք, այսպես կոչված, անկախ պատգամավոր»: Զարուհի Փոստանջյանը մեծամասնական ընտրակարգին դեմ արտահայտվելիս դիմելով Էդմոն Մարուքյանին ասաց, որ եթե վերջինս հայտնվել է խորհրդարանում եւ օլիգարխ չէ, ապա դա եղել է «ձեր պայմանավորվածությունների շնորհիվ, ոչ թե հենց այնպես: Պետք չէ այստեղ ոչինչ թաքցնել» (տես «Առավոտ», 10.11.2012թ., http://www.aravot.am/2012/11/09/128592//):
Հարգանքներով՝ խիղճը մաքրված ՀՀ
քաղաքացի Մ. Դարվինյան