ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՀԱՄԱՁԱՅՆԻ

Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` վարչապետերի ակումբ ստեղծելու հայտարարությանը, այդ նախաձեռնությունը դրական է համարում: Նրա խոսքով՝ դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: «Ես ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում: Պարզապես երբեմն ակումբն արդարացնում է իրեն, երբեմն` ոչ: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Մանուկյանը: Հետաքրքրվեցինք` նախկին վարչապետը տեսնո՞ւմ է իրեն այդ ակումբում: Ի պատասխան՝ Մանուկյանն ասաց, որ ցանկացած իշխանություն, երբ ցանկացել է խորհրդակցել իր հետ, ինքը միշտ պատրաստ է եղել դրան:

ԷԼԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ

Երեկ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում գնդակոծությունը դադարել է. «Որեւէ լուրջ հետեւանք չկա»,-վստահեցրել է խոսնակը:

ՀԱՋՈՐԴԸ` ԲՀԿ-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, հաջորդ հանդիպումը կկայանա ԲՀԿ խմբակցությունում: Կառավարության ծրագրի քվեարկությանը միասնաբար չմասնակցած չորս ուժերը շարունակելու են իրենց հետագա համագործակցությունը: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու այս հանդիպմանը, առայժմ հայտնի չէ, քանի որ սովորաբար քառյակը օրակարգը ձեւավորում է տեղում:

ՊԱՇԱՐ ՈՒՆԵՆ

Վրաստանում տեղի ունեցած ճանապարհային փլուզումից հետո ՀՀ գազամատակարարումը դեռ չի վերականգնվել: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից armlur.am-ին վստահեցրել են, որ Հայաստանն ունի բավարար պաշարներ՝ բնակչությանը եւ տնտեսվարողներին գազով ապահովելու համար: Իսկ թե քանի օր կբավարարի եղած պաշարը, ընկերությունը գաղտնի է պահում:

ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ

168.am-ը ՀՀ նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվել է, թե երբ է, ի վերջո, Հայաստանը ստորագրելու Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը եւ արդյոք, ընդհանրապես, ավարտվե՞լ է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցման բանակցային գործընթացը: Ս. Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, սակայն, ինչպես միշտ, տվել է ոչինչ չասող պատասխան` մասնավորապես նշելով. « ՀՀ նախագահի այցերի եւ ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը»:




Լրահոս