ՏՈՒՅԺԵՐԻՑ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ 2.9 ՄԻԼԻՈՆ Է ԲՅՈՒՋԵ ՄՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց 2013 թվականի բյուջեի կատարողականը: Վերջինս նշեց, որ պետբյուջեով ոստիկանությանը հատկացված է եղել 30.8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից ավելի է 5.1 միլիարդ դրամով: Այդ գումարի մեծ մասն, ըստ փոխոստիկանապետի, ծախսվել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված ծրագրի վրա:

Այս հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով Օսիկյանին, նշեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ նա խոստացել էր, որ երթեւեկության կանոնների սանկցիաների համաչափության թիվը պետք է վերանայի եւ առաջարկություն ներկայացնի: «Անցել է մոտ մեկ տարի, բայց ոչ մի ծրագիր չեք ներկայացրել, չե՞ք կարծում, որ բյուջե եք լցնում տույժերով ու տուգանքներով, իսկ տույժերի ու տուգանքների նպատակը բյուջե ձեւավորելը չէ, այլ խախտումները կանխելը: Այդ տուգանքների գումարը ոչ մի կերպ համահունչ չէ ոչ նվազագույն աշխատավարձին, ոչ էլ միջին մակարդակի աշխատավարձին»,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
ՀՀ փոխոստիկանապետը նշեց, թե գանձվող գումարն էապես աճել է ոչ թե խախտումների թվի ավելացման, այլ նոր սարքավորումների տեղադրման արդյունքում: Օսիկյանը չհամաձայնեց Գ. Ջհանգիրյանի այն մտքի հետ, թե որոշ դեպքերում նախատեսված գումարը համապատասխան չէ: Ա. Օսիկյանը նշեց, որ երթեւեկության կանոնների խախտումների համար տույժ ու տուգանքներից ՀՀ բյուջե է մուտք գործել 2,9 միլիարդ դրամ: Ի պատասխան, Գագիկ Ջհանգիրյանը դիտարկում արեց, որ բյուջե մուտք գործած գումարը տույժ ու տուգանքներից ստացված ողջ գումարի երեսուն տոկոսն է: Փոխոստիկանապետն էլ հակադարձեց` նշելով, թե այդ հարաբերակցությունն արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է` 50-50 է, քանի որ կազմակերպությունն իր կողմից խոստացված ներդրումներն արդեն արել է:
Օսիկյանն ընդունեց, որ խախտումների համար տուգանքների համաչափությունը որոշ դեպքերում խախտված է, բայց. «Նպատակը պետբյուջեն լցնելը չէ, այլ այնպիսի տուգանքի նշանակումը, որը կանխարգելիչ նշանակություն կունենա: Եթե հարյուր դրամ լինի, չենք ունենա կարգ ու կանոն: Դրանով պայմանավորված՝ ուզում ենք այնպիսի տուգանք նշանակել, որն իր նպատակին կծառայի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ փոխոստիկանապետի առջեւ բարձրացրեց Երեւանի զվարճանքի կենտրոնների հարցը. «Հայտնի զվարճանքի վայրեր կան, ու դրանք, որպես կանոն, առաջին հարկում են ու դառնում են այդ շենքերի բնակիչների համար գլխացավանք: Ժամը մեկից հետո երիտասարդների մեծ խումբ գինովցած աղմուկ է բարձրացնում»,-ասաց պատգամավորը՝ խնդրելով դրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել: Օսիկյանը հավաստիացրեց, որ այդ օբյեկտներին իրենք մեծ ուշադրություն են դարձնում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս