Դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսը: Արդեն 5 տարի է` խաղում է Երեւանի կամերային երաժշտական թատրոնում: Դրամատիկ դերեր է կերտում` Անուշ, Մարգարիտ, Առյուծ Մհերի կին: Հեռուստադիտողին նա հայտնի է որպես «Բանակում» սերիալի Սուսիկ:
-Այդքան լուրջ դերերից հետո «Բանակում» սերիալում այդքան թեթեւ կերպար: Ինչպե՞ս համաձայնեցիք:
-Ինձ համար էլ էր այդ ամենը մի քիչ զարմանալի ու անսպասելի, բայց ցանկացած դերասան իրեն պետք է փորձի տարբեր դերերի ու կերպարների մեջ: Հետաքրքիրը հենց այն է, որ դու կարող ես խմորի նման հունցվել: Եթե անկեղծ լինեմ, սկզբում սերիալում ինձ բուժքրոջ դերն էին առաջարկել, բայց երբ իմացա, որ համբույրի տեսարաններ պետք է լինեն, հրաժարվեցի, խուսափում եմ այդ տեսակ բաներից:
-Որպես հայ աղջի՞կ եք դեմ, թե՞ որպես դերասանուհի:
-Ես իմ դերասանական արվեստը շատ եմ սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ ես պատրաստ եմ նման բաների: Հայաստանում ե՛ւ դաստիարակությունը, ե՛ւ հասարակությունը քեզ ստիպում է, որ դու այդ կողմից փակ լինես: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ ծնողներիս կարծիքը, չէի ցանկանա, որ հայրս վատ զգար: Հետո էլ յուրաքանչյուր զուգընկեր քեզ չի ընկալում պարզապես զուգընկեր, այլ մտածում է` վա՛յ, համբույր է, պարզապես կհամբուրվենք: Ինքը դա որպես գործ չի ընդունում: Դու էլ այդ պարագայում դրան նայում ես որպես ֆիզիկական ինչ-որ բան ու խուսափում: Ես կարող եմ ցուցադրել կիրք, սեր, սիրահարվածություն, բայց այդ կոնտակտը կամ անկողնու տեսարաններ պետք է գոյություն չունենան: Դրա համար էլ Սուսիկի կերպարն ինձ շատ հարմար էր, բայց մենք իրար բացարձակապես նման չենք:
-Մտավախություն չունե՞ք, որ այդ տեսակ սահմանափակումներ դնելով` շատ ռեժիսորներ կհրաժարվեն քեզ դերեր առաջարկելուց:
-Եթե ռեժիսորն իմ կարիքը զգա որպես դերասանուհի, ինձ թվում է` իմ պայմաններին կհամաձայնի: Գոյություն ունեն «կինոշնի» հնարներ, դուբլյոր ասվածը, դրանց միջոցով կարելի է լուծել այդ տեսակ հարցերը: Ոչ ոք չի կարող ասել, որ սերիալում ես Մելոյին չեմ սիրում, սիրում եմ չէ՞, բայց ոչ մի համբույրի տեսարան չի եղել: Եթե նայենք մեր բոլոր հին ֆիլմերը, դժվար գտնենք բաց ու համբույրի տեսարաններ, բայց սեր տեսնում ենք: Հանուն շատ դերեր ունենալու չեմ գնա այդ քայլին:
-Խոսքի մեջ նշեցիք, որ Սուսիկը բացարձակապես Ձեզ նման չէ:
-Այդպես էլ կա: Իրական կյանքում ես մի քիչ վախկոտ աղջիկ եմ, ավելի զուսպ եմ, չեմ համարձակվի տղաների վրա ձայն բարձրացնել, դժվար թե կարողանայի Մելոյի նման տղայի սիրել, ինքն ինձ համար շատ կոպիտ է: Սուսիկը մի քիչ հիմար բաներ ունի, շատ ուղիղ է ամեն ինչ հասկանում, ինչն ինձ նման չէ: Նույնիսկ էկրանին նա ավելի գեր է երեւում, քան ես` իրական կյանքում:
-Իսկապես զարմանալի է, որ էկրանն այդքան խոշորացնում է Ձեզ:
-Տեսնում եք չէ՞, որ ես գեր չեմ: Ռակուրսներն են այնպես վերցնում, որ խոշոր եմ երեւում:
-Լսել եմ նաեւ, որ կիթառ եք նվագում, երգում եք:
-Մի 3 տարի է, ինչ կիթառը վերցրել եմ ձեռքս ու ինքնուս սկսել սովորել: Գրում ու երգում եմ իմ իսկ հեղինակային երգերը: 2 տարի առաջ մասնակցեցի նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ մրցույթի եւ այնտեղ հաղթեցի «Լավագույն ազգային կատարում» անվանակարգում, հասկացա, որ իմ երգը նաեւ գնահատվում է: Մեծ տեղերում չեմ երգում, իմ ու իմ ընկերների համար եմ երգում:
-Հեռուստաընկերությունների մեջ կա նաեւ չգրված ներքին օրենք, երբ դերասանուհին կամ դերասանը մի ալիքում նկարահանվում է, մյուս հեռուստաընկերությունից նրան չեն հրավիրում: Ձեզ էլ միայն «Շանթ»-ում ենք տեսնում, այսինքն` այդ օրենքը Ձեզ վրա էլ է գործում:
-Հայաստանում դա իրոք այդպես է, ալիքները երեւի ինչ-որ խնդիրներ ունեն: Չնայած ես նկարահանվել եմ «Փնտրվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմում, բայց դա խնդիր չի եղել, ինձ ոչ ոք չի ասել` մի՛ նկարվի: Գովազդներում էլ եմ նկարվել, տարբեր ալիքներով ցուցադրվել են, միայն սերիալների հարցն է:
-Ի դեպ, գիտեի՞ք, որ Ձեզ եւ Ձեր խաղընկերոջը` Մելոյի դերակատար Գեւորգ Մանուկյանին, սիրավեպ են վերագրում:
-Միանգամից ասում եմ` սեր չկա: Գեւորգն իմ լավ ընկերն է, իրականում նա նշանված է, ես էլ փետրվարի 6-ին ամուսնանում եմ: Իսկ ես էլ լսել էի, որ Արամ mp3-ն է իմ ամուսինը, բայց մենք ընդամենը խաղընկերներ ենք «Գերդաստանը» սերիալում:
-Ձեր ընտրյալը նույնպե՞ս դերասան է:
-Ո՛չ, նա մեր ասպարեզի հետ կապ չունի, մասնագիտությամբ իրավաբան է, բայց ինքը շատ նորմալ է տանում իմ մասնագիտությունը: Գիտի, որ ես իմ չափերի մեջ եմ եւ առանց իմ խաղի չեմ լինի Անահիտ, այլ կլինեմ ինչ-որ օտար մարդ: Ապագա ամուսինս չի արգելելու ինձ նկարահանվել, նա հպարտանում է իմ դերերով: Գիտեք, կարեւորը, որ գտնես քո իրական կեսին: Բոլորին մաղթում եմ երջանկություն, մարդիկ, որոնք դեռ չեն գտել իրենց սերը, թող գտնեն ու հասկանան, որ դա է այս կյանքի շարժիչ ուժը: Ու երբ գտնում ես նրան, ավելի հանգիստ ես լինում, հոգիդ խաղաղ է լինում, ու ամեն ինչ քեզ մոտ հեշտ է ստացվում:
«ՀԱՄԲՈՒՅՐԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ