ՊԵՏՔ Է ՖՈՐՄՈՒԼԱ ԳՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դիմելով Սերժ Սարգսյանին` ասել է. «Կա տհաճ թեմա. որպեսզի չգրգռենք Ադրբեջանում մեր ընկերոջը (Իլհամ Ալիեւին), դուք ինչպես անդամակցել եք ԱՀԿ-ին, պետք է Եվրասիական տնտեսական միությանն էլ անդամակցեք ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Ասել է թե` առանց Լեռնային Ղարաբաղի:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ.
-Ինչպես նախկինում ասվել է իմ կողմից, որ Նազարբաեւը դեմ է գնում, չի թողնում, սա եւս այդ դրսեւորումն էր: Սահմանի վրա զոհերը եւս կապված են նրա հետ, որ ՀՀ-ի` Մաքսային միություն չընդունվելու համար թեմա լինի, որ անընդհատ ադրբեջանցիները հիշեցնեն` հարցը լուծված չէ, պատերազմ կա: Ու այս ամենը Նազարբաեւի հետ միասին պայմանավորված քաղաքական գիծ է: Ես ասել եմ, որ Մաքսային միություն մտնելու հետ կապված հարցեր կան, այնպես չէ, որ մենք հայտարարեցինք դրա մասին, այնտեղ էլ ծափ տալով պատրաստ են մեզ ընդունել: Մեր վիճակն ինչ է դառնում. Եվրոպա չենք կարող գնալ, որովհետեւ այնտեղ էլ է դրված Ղարաբաղի հարցը, իսկ Մաքսային միության դեպքում էլ, ինչպես տեսնում եք, խնդիրներ են ծագում: Ուրեմն մնում ենք կախված, որը շատ անդուր է, շատ վատ է: Հիմա պետք է ֆորմուլա գտնենք, որը, կարծում եմ` շուտով կկարողանանք: Բայց մենք այժմ դրա մասին չենք խոսելու, քանի որ ՀՀԿ-ն մեծ «գլուխ» ունի, Մելիք-Ադամյանի կողքով իրենք չեն անցնի, հիմա ֆորմուլա է պետք գտնել, որը կկարողանա Վ. Պուտինին բավարարել: Ես մեկ անգամ հայտարարել էի, որ Պուտինը այն Պուտինը չէ, որ այդ ամենն ինչ-որ ճնշմամբ անցկացնի: Կարող եք չկասկածել դրանում, որ մենք ֆորմուլա կգտնենք:
Հ. Գ. Երեկվա նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը քննարկել մինչեւ հունիսի 15-ը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս