ՀՀԿ-Ն ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐԸ
ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորները երեկ պաշտոնապես ԱԺ աշխատակազմի ղեկավարին համապատասխան դիմում են ներկայացրել՝ պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու եւ չփոխանցելու կապակցությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պատգամավորներին կհետեւեն նաեւ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների փորձագետներն ու պատգամավորների օգնականները: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորներից Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ չե՞ն պատրաստվում արդյոք օգտվել օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունից ու իրենք էլ նման դիմում ներկայացնեն: Պարզվեց՝ ոչ: «Ես ցանկանում եմ, որ իմ ապագան ավելի կանխորոշված ու կանխատեսելի լինի»,-ասաց Սահակյանը: Վերջինս, սակայն, տեղյակ չէր՝ ՀՀԿ-ում բոլորն են իր նման մասնակցելու կուտակային կենսաթոշակային համակարգին, թե, այնուամենայնիվ, կլինեն մարդիկ, ովքեր դիմում կներկայացնեն:
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆՆ ԱՆՏԵՍԵՑ
ԱԺ-ում երեկ՝ 2013թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը խոսեց ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, սակայն որեւէ խոսք չասաց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Այս փաստը չվրիպեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի աչքից, ով հարցրեց՝ ինչու փոխնախարարն այդ մասին ոչինչ չի ասում: Պարզվեց՝ Մանասարյանը պարզապես վրիպել էր: «Խոստովանեմ, սա իմ սխալն է եղել»,- ասաց նա՝ թվարկելով հայ-ամերիկյան հարաբերություններում կատարված տեղաշարժերը: Ի դեպ, երեկ Մանասարյանը հայտարարեց, թե երբ հայկական դեսպանատները լավ են համագործակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի հետ, այդ երկրներում Ցեղասպանության ճանաչման հարցում կա առաջընթաց: Միայն թե, նկատենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին միայն Շվեդիայի խորհրդարանն է 2010թ. ճանաչել Ցեղասպանությունը, եւ ուրիշ էլ ոչ մի երկիր:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐԸ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, ով 2013թ. ընդգրկվեց քրեական գործեր քննող դատավորներից լավագույնների կազմում, շարունակում է քննել նախկին հայտնի պաշտոնյաների հարազատների քրեական գործերը: նա քննում էր Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու գործը, իսկ երեկ հայտնի դարձավ, որ նրա վարույթում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործը: Այս ամենի մեջ ուշագրավը դատավորի ունեցվածքն է. ուսումնասիրելով պաշտոնյաների նկատմամբ առանձնահատուկ «սեր» ունեցող դատավորի՝ 2014թ. հայտարարագիրը, տեսնում ենք, որ վերջինս ունի 15 մլն 500.000 դրամ գումար, եւ նրա եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է: