«Ցանկանում ենք ստեղծել այնպիսի ձեւաչափ, որ մարդիկ վստահեն կենսաթոշակային համակարգին, եւ նրանց մասնակցությունը լինի ոչ պարտադրված, իսկ համակարգը պետք է լինի պարտադիր»։
Արտեմ Ասատրյան News.am
Երեւում է՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Գալուստ Սահակյանի մոտ վճարովի դասընթացների է հաճախում, քանի որ նախարարի մոտ գնալով ավելի ու ավելի լավ է ստացվում անհոդաբաշխ ու անհեթեթ մտքեր կազմելն ու արտահայտելը: Սա արդեն կարող ենք համարել պրոֆեսիոնալ մակարդակ, միտք, որին կնախանձեր նաեւ Արտեմ Ասատրյանի ենթադրյալ ուսուցիչը: Պարտադիր համակարգ, որին մասնակցությունը պետք է լինի ոչ պարտադրված: Ինչ-որ բան հասկացա՞ք: Իհարկե՝ ոչ: Մենք՝ նույնպես: Եվ մի էլ փորձեք հասկանալ, քանզի դա կլինի ժամանակի անիմաստ վատնում: Խնայեք ձեր ժամանակն ու նյարդերը:
«Լավ, էլի, էս ազիզ օրով անկապ հարցեր մի տվեք։ Բերեք մի քաղաքականացրեք եւ մենակ հաճելի հարցեր տվեք։ Բնության մասին, օրինակ։ Նայեք՝ ինչ պայծառ օր ա, ինչ հաճելի օր ա, նայեք՝ ինչ ծաղիկներ են ու ինչ երջանիկ մարդիկ են կանգնած…»։
Խաչիկ Խաչատրյան ՉԻ
Երեւի ժամանակին, երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը հարց էր ուղղել «X-գրուպ» ընկերության սեփականատիրոջը, այդ օրն էլ Խաչիկ Խաչատրյանի համար «ազիզ օր» է եղել, եւ այդ պատճառով է Խաչատրյանը լրագրողին վիրավորել: Այդ պատճառով, իրոք, պետք չէ մեծն գործարարին շատ հարցեր տալ նրա հարուստ բառապաշարին չծանոթանալու համար: Բացի այդ, տխրահռչակ գործարարը մեծ սեր ունի նաեւ լրագրողներին դատի տալու եւ գումար պահանջելու հետ, եւ չնայած իր ուզածին չի հասնում՝ պահանջների անհիմն լինելու պատճառով, սակայն, միեւնույն է, անիմաստ քաշքշուկ է առաջացնում:
«Մենք ասում ենք՝ մարդ պետք է արժանապատիվ մահանա։ Գիտե՞ք, որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները եղել են ֆրանկ-մասոններ։ Ամերիկյան Սահմանադրությունը գրվել է մասոնների կողմից։
Ռուբեն Գեւորգյանց 1in.am
Առաջիկայում Երեւանում սպասվող մասոնների հերթական հավաքի մասին տեղեկատվություն տալու փոխարեն իրեն ազգայնական համարող, սակայն միաժամանակ նաեւ մասոն հանդիսացող «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահը փաստացի նաեւ մասոնության գովքով է զբաղված, ավելին՝ որպես իդեալներ նշում է ԱՄՆ նախագահներին եւ ԱՄՆ Սահմանադրությունը: Հիմա ի՞նչ է ստացվում. Ռուբեն Գեւորգյանցն ազգայնակա՞ն է, մասո՞ն, թե՞ ԱՄՆ-ի գործակալ: Գուցե Հայաստանում այդ ամենը հնարավոր է համատեղե՞լ՝ նման կերպով փորձելով արժեզրկել ազգայնական գաղափարախոսությունները:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ