Ոստիկանությունը վերջին շրջանում ուժեղացված հսկողություն է իրականացնում հատկապես քրեական տարրերի նկատմամբ: Եվ պատահական չէ, որ այս օրերին ոստիկաններն առավել հաճախ են սկսել այցելել տարբեր քրեական հեղինակությունների բնակարաններ` զենք-զինամթերք գտնելու նպատակով: Իրավապահների գործողություններից հետո իրենց քրեական հեղինակություն համարողները ձգտում են մեկուսացված մնալ, որպեսզի «չուժոյ պախմել» չհայտնվեն ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ
Քրեական աշխարհում իրավիճակը թեժացավ այն ժամանակ, երբ, ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք քրեական հեղինակություններ հավաքվեցին Դուբայում՝ քննարկելու Հայաստանի կրիմինալ վիճակը: Գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր», այդ թվում՝ Օշականցի Գեւորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը, Ալոն եւ ուրիշներ:
Ի՞նչը փոթորկեց Հայաստանի քրեական դաշտը
Մարտ ամսին տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը՝ Գեւորգ Մելիքյանը: Նրան ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ եւ Երրորդմասցի Լյովիկը: Միջադեպի պատճառն այն էր, որ ինչ-որ մեկը ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գեւորիկին, եւ վերջինս հայհոյել էր նրան: Զրուցակիցն էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ խոսում է «օրենքով գողի» հետ: Միջադեպից հետո նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություններին՝ Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել իր խնդիրը:
Այդ առիթով միմյանց էին հանդիպել Օշականցի Գեւորիկը, Տույը եւ Երրորդմասցի Լյովիկը, ու նրանց խոսակցությունն այնքան էր թեժացել, որ Տույը, Լյովիկն ու իրենց կողմնակիցները ծեծել էին Գեւորիկին եւ իր ուղեկցողներին: Քրեական աշխարհում ընդունված չէ «գողին» ծեծել, եթե չկա հիմնավոր պատճառ, եւ ծեծողն էլ «գող» չէ:
Հենց դրա համար էլ Ռուսաստանի Դաշնությունից մի շարք քրեական հեղինակություններ ու «օրենքով գողեր» էին եկել Հայաստան («Ժողովուրդ»-ն այս մասին գրել էր)՝ երկու խմբավորումների միջեւ առաջացած թնջուկը կարգավորելու համար: Սակայն Հայաստան եկած քրեական հեղինակություններին մինչ օրս չի հաջողվում կարգավորել վիճակը, քանի որ Օշականցի Գեւորիկը ոչ մի կերպ չի ներում Երրորդմասցի Լյովիկին: Ավելին՝ «օրենքով գող» Զապը, ով եւս Հայաստանում է, դարձյալ չի կարողանում իրավիճակը կարգավորել:
Քաղաքական հայրերը
Եվ այսպես, բանն այնտեղ է հասել, որ քրեական աշխարհը բաժանվել է երկու մասի: Մի մասը պաշտպանում է Երրորդմասցի Լյովիկին, մի մասն էլ՝ Օշականցի Գեւորիկին: Ավելին՝ հակամարտող խմբավորումներին սկսել են «տանիք կանգնել» քաղաքական դաշտի ներկայացուցիչները՝ իշխանության ամենաբարձր մակարդակով: Մասնավորապես, քրեական աշխարհից եղած արտահոսքի հետեւանքով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս իրավիճակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աջակցում է Երրրոդմասցի Լյովիկն եւ ամեն ինչ անում, որ նա կատարվածից չոր դուրս գա եւ Հայաստանում կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով քրեական աշխարհում որոշ ներկայացուցիչների կողմից բավականին հարգված է, ամեն ինչ անում է Օշականցի Գեւորիկին սատարելու համար: Ավելին՝ վերջինս ձգտում է, որպեսզի Երրորդմասցի Լյովիկը ներողություն խնդրի Օշականցի Գեւորիկից:
Խիստ հսկողություն ՔԿՀ-ներում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհի խմորումները իրենց հետեւանքն են ունեցել նաեւ կալանավայրերում: Վերջին շրջանում մի շարք քրեակատարողական հիմնարկների պետեր լուրջ հսկողություն են սահմանել բանտերում իրենց պատիժը կրող քրեական հեղինակությունների վրա: Մեզ հասած տեղեկություններով՝ նրանք հայտնի քրեական հեղինակություններին պահում են խիստ մեկուսացված ռեժիմով` ՔԿՀ-ներում գտնվող «կարցերներում»: ՔԿՀ-ների ղեկավարներն այս քայլին գնացել են՝ իրավիճակը հնարավորինս վերահսկելու համար, որպեսզի բանտերից կրիմինալը չխառնվի արտաքին աշխարհում ծավալվող խմորումներին, եւ արյունահեղություններ չլինեն:
Բանն այն է, որ արդեն հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Նուբարաշենի «զոն նայողը» իր մոտ է հրավիրել հեղինակավոր դատապարտյալներին եւ պատմել դրսում կատարվածը: Իսկ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում «օրենքով գողերի» կողմը ներկայացնող դատապարտյալները դաժան ծեծի են ենթարկել Երրորդմասցի Լյովիկի ընկերոջը, ով փորձել է արդարացնել նրա արարքը:
Թեեւ ՀՀ ոստիկանությանը դեռեւս հաջողվում է զսպել հնարավոր բախումները, սակայն անհայտ է, թե դա որքան կտեւի, իրավիճակը պայթունավտանգ է:
Ովքեր են Օշականցի Գեւորիկը, Զապը, Երրորդմասցի Լյովիկը
Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Զապ անվամբ, իր մականունը ստացել է մանկուց՝ «Զապորոժեցի» հետ նմանության համար: Վերջինս գյումրեցի է, «օրենքով գող» թագադրվել է 1994 թվականին Մոսկվայում՝ Նիգալ Բարսեղյանի (Նիկոլ) երաշխավորմամբ: Հիշեցնենք, որ 2007թ. Զապը խնդիրներ էր ունեցել Չեխիայի իրավապահների հետ, որից հետո վերադարձել էր Հայաստան: Նա մեղադրվում էր հայ գործարարի սպանության մեջ:
Իսկ ահա Երրորդմասցի Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող հայտնի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբորորդին է եւ հաճախ է հայտնվում աղմկահարույց միջադեպերի կիզակետում: Նա առավել հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից. դեռեւս 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երեւանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տեւած կրակոցների արդյունքում մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը եւ վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր: Իսկ Օշականցի Գեւորիկը 2011թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ կալանավորվեց: Պատճառն այն էր, որ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Սակայն ավելի ուշ Գեւորգ Մելիքյանը համաներմամբ ազատ արձակվեց:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ