ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՁԱՀԱՎԱՔ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ եկամուտներ ունի ոչ միայն աշխատավարձի տեսքով, այլեւ՝ գումար է ստացել վարձակալության դիմաց՝ մոտ 25 մլն դրամի չափով: Սա, ի դեպ, մի քանի տարի շարունակ: Միայն թե, անհասկանալի է՝ ինչ է նա վարձակալության հանձնել ու եկամուտ ստացել, եթե չի հայտարարագրել որեւէ անշարժ ու շարժական գույք: Հ.Մանուկյանը բավականին հարուստ է. նա ունի 7մլն դրամ, 290հազար եվրո եւ 490 հազար ԱՄՆ դոլար:

ԲԱԴԱԼԻ ԱԹՈՌՆԵՐԸ

Նախագահական նստավայրը 750 հազար դրամ է ծախսել աթոռներ գնելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ աթոռները գնվել են Արգավանդից՝ Բադալ Ասատրյան անհատ ձեռնարկատերից: Նրանք գնել են 30 հատ աթոռ՝ յուրաքանչյուրը 25 հազար դրամ արժողության:

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը կրկին ներկայացվելու է աճուրդի: Հիշեցնենք, որ համալիրը էլեկտրոնային աճուրդի էր հանվել մայիսի 19-ին եւ այն ավարտվեց մայիսի 29-ին: Ի դեպ, աճուրդը չէր կայացել, քանի որ գնորդ չկար: Տեղեկացնենք, որ մեկնարկային գինը սահմանվել էր 19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Սակայն երկրորդ անգամ համալիրն աճուրդի կհանվի նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով: Հիշեցնենք, որ փորձագետի եզրակացությամբ՝ նշված գույքը գնահատվել էր 25 մլրդ 800 մլն դրամ: Սրան զուգահեռ նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարությունը պնդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապօրինի կերպով է աճուրդի հանել Մարզահամերգային համալիրը: Ընկերությունը մոտ 10 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք ՀՀ կառավարությանը:

ԱՇՈՏՅԱՆԸ ԳԻՏԻ, ԲԱՅՑ ԻՆՉ ԱՆԻ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2013թ. պետական բյուջեի կատարողականի՝ ԿԳ նախարարության հաշվետվության ժամանակ բարձրացրել է արտագաղթի աճի եւ դրա հետեւանքով աշակերտների թվի նվազման խնդիրը: «Հայաստանում աշակերտների թիվը վերջին 15 տարիներին 600 հազարից կրճատվել է մինչեւ 370 հազար»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ երկրի յուրաքանչյուր 4-րդ դպրոցն ունի 100-ից քիչ աշակերտ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե իրենք ի՞նչ են անում իրավիճակը շտկելու համար, միայն նշեց, թե բնակչության արտահոսքն իրական սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը, ինչը ոչ երեկ, եւ ոչ էլ այսօր է հայտնի դարձել:




Լրահոս