ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կողմ եմ, որովհետեւ կարծում եմ՝ Միկոյանը յուրահատուկ քաղաքական գործիչ է եղել, եւ այն տնտեսական զարգացումները, որ եղել են Հայաստանում 1920-30-ական թվականներին՝ Միկոյանի շնորհիվ է»:

Նաիրա Նահապետյան «Առավոտ»

Այո, իհարկե, տնտեսական զարգացումներ եղել են, օրինակ՝ պաղպաղակի արտադրություն եւ երշիկի գործարան հիմնվել է, բայց նույն Ա. Միկոյանի կողմից եղել է նաեւ ակտիվ մասնակցություն ստալինյան ռեպրեսիաներին, Միկոյանի ստորագրությունը դրված է հարյուրավոր մարդկանց գնդակահարության մասին փաստաթղթի վրա: Ընդ որում, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամի հավաստմամբ, ստալինյան ռեպրեսիաների զոհերի թվում են եղել նաեւ իր հարազատներից, սակայն, փաստորեն, տիկին Նահապետյանի համար ՀՀԿ-ն, Տ. Մարգարյանը եւ երշիկի արտադրությունը ավելի կարեւոր գտնվեցին, քան հարազատների բռնադատված լինելու փաստը:

 
«Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատություն կունենանք այն դեպքում, եթե համակարգը գործի»:

Գագիկ Հարությունյան Armlur.am

Այո, ՍԴ նախագահը, ով նաեւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է, իրավացի է այն հարցում, որ մենք ունենք դատարաններ, սակայն չունենք արդարադատություն: Իսկ նրա խոսքի շարունակությունն ավելի ճիշտ կլիներ ձեւակերպել այսպես. մենք արդարադատություն կունենանք այն դեպքում, երբ կունենանք ոչ թե իշխանություններին հլու կամակատար, այլ միանգամայն անկախ դատական համակարգ, երբ մեր դատական համակարգում չեն լինի իշխանություններին ծառայություններ մատուցելու շնորհիվ իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատող դատավորներ:

 

 

«Ասել, որ քաղաքացիություն ձեռք բերելն անմիջապես արտագաղթին կխթանի՝ սխալ է, այլ բան, եթե քաղաքացիություն ձեռք բերելը կապվի մշտական բնակության հարցի հետ»:

Գագիկ Եգանյան 1in.am

Անհասկանալի է, Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավարը կո՞ղմ է արտագաղթին, թե՞ դեմ: Արտագաղթն այսօր մեր երկրի համար ամենավտանգավոր երեւույթներից է, երկիրը փաստացի դատարկվելու եւ հայաթափվելու վտանգի առջեւ է կանգնած, սակայն մեր իշխանությունները ոգեւորությամբ խոսում են Ռուսաստանի հետ համաձայնագրերի մասին, որոնք կհեշտացնեն ՀՀ քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը, հետեւաբար՝ մշտական բնակության համար ՌԴ տեղափոխվելը, քանի որ ունենալով ՌԴ քաղաքացիություն, դժվար թե Հայաստանի բնակիչն այդուհետ ցանկանա շարունակել ապրել Հայաստանում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս