ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՐՎԱԾ ՆԻՍՏ

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով երեկվա դատական նիստում ճառով պետք է հանդես գար պաշտպանական կողմը: Սակայն ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի 2 պաշտպաններից նիստին ներկայացել էր միայն Վաղինակ Գեւորգյանը: Դ. Խաչատրյանը դատարանի դահլիճ մտավ փորը բռնած, փոքր-ինչ կռացած վիճակում: Վ. Գեւորգյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, ինչի պատճառով դատական նիստը չի կարող կայանալ: Պաշտպանն ասաց, որ դատարանը պետք է դիմի ՔԿՀ-ի համապատասխան ծառայություններին եւ պահանջի այն փաստաթղթերը, որոնք կապված են Դ. Խաչատրյանի առողջության հետ: Գեւորգյանը հայտնեց, որ մեկուսարանից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան բերելիս ոստիկանները Դ. Խաչատրյանին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց եւ դատական նիստից 5 րոպե առաջ ներարկում են կատարել, որպեսզի նա դիմանա: Պաշտպանը հարցրեց. «Այս անմարդկային վերաբերմունքը ի՞նչ նպատակ է հետապնդում»: Դատավոր Զոյա Զաքինյանն ասաց, որ Խաչատրյանի խնդրանքով բժիշկներ են եկել եւ ներարկում կատարել: Վ. Գեւորգյանը հայտարարեց, որ առողջ մարդուն չեն ներարկում, որ Դ. Խաչատրյանը 5 օր առաջ է դուրս եկել հացադուլից, իսկ ՔԿՀ-ն, ոստիկանությունը, դատարանն անուշադրության են մատնում նրա առողջական վիճակը:
Զ. Զաքինյանը որոշեց Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով նիստը հետաձգել: Պաշտպանը դատարանին խնդրեց նիստը ողջամիտ ժամկետով հետաձգել, որպեսզի պետական համապատասխան մարմինները Դ. Խաչատրյանի առողջության վերաբերյալ փաստաթղթեր տրամադրեն: Դատավորը հաջորդ նիստը նշանակեց հունիսի 24-ին: Սա հարուցեց դահլիճը ամբողջությամբ լցրած Լ. Ստեփանյանի հարազատների եւ համագյուղացիների` Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչների զայրույթը: Վեճ բորբոքվեց սպանված զինվորի մոր` Լուիզա Ստեփանյանի եւ պաշտպան Գեւորգյանի միջեւ, սակայն դատական կարգադրիչները կարողացան վերահսկել իրավիճակը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ՊԵՏՔ Է ԴԵՄՆ ԱՌՆԻ

Երեկ «Հայ ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը հայտնեց, որ գյուղմթերք արտադրողները պաշտպանված կլինեն այն դեպքում, երբ նրանց մասին օրենք լինի: Նա անդրադարձավ նաեւ «մորմազգիների ցեց» հիվանդությանը, որի դեմ միայն գյուղացին չի կարող պայքարել. «Զանգվածային օդային պայքար պետք է լինի դրա դեմ: Համոզված եմ՝ կառավարությունն ուշ թե շուտ գնալու է դրան: Պայքարի ավիացիա է պետք մորմազգիների դեմ պայքարելու համար»: Իսկ ալյուրի գնի բարձրացումը Բերբերյանը պայմանավորեց վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ խոշոր գործարարների հանդիպմամբ, երբ վարչապետը հայտարարել էր, որ բոլորը պետք է խաղան հավասար դաշտում եւ դուրս գան ստվերից: Դրանից հետո ալյուրի գինը բարձրացավ 8 տոկոսով. «Արհեստականորեն բարձրացնում են գներն այն դեպքում, երբ ունենք ներկրված ու պահեստավորված ցորեն: Մեր գործարարները փորձում են բյուջե լցնել ժողովրդի գրպանի հաշվին: Վարչապետը պետք է սրա դեմն առնի»:




Լրահոս