ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՉՎԱԽԵՑՈՂՆԵՐ ԵՆ

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում հունիսի 8-ին կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ու «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվում, թե Ջերմուկ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, քանի որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, ով պաշտպանում է գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին, հրահանգել է, որպեսզի բոլորը նրան ձայն տան, հատկապես իր գործարանի աշխատողներին սպառնացել է, որ իրենց թեկնածուի պարտության դեպքում բոլորը կազատվեն աշխատանքից: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Ջերմուկ քաղաքում: «Հիմա ոչ մեկ ոչ մեկից չի վախենում, առավելեւս Ջերմուկում, այնտեղ որեւէ մեկը որեւէ մեկից չի վախենում»,-ասաց Արսենյանը՝ հավելելով. «Վ.Հովհաննիսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, ուստի ես պաշտպանում եմ նրա թեկնածությունը եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա, եթե ես պաշտպանում եմ ՀՀԿ-ի թեկնածուին»:

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետական բյուջեի հաշվին բավականին մեծ շռայլություններ է թույլ տվել, որոնց մասին փաստերը նոր-նոր են բացահայտվում: Փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ միայն մեկօրյա չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել է 8մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար: Բացի այդ, վարչապետին ուղեկցող անձնակազմի համար (կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, օպերատորներ) Սոչիում պատվիրվել է հյուրանոց՝ օրը 832 հազար դրամ արժողությամբ: Այլ կերպ ասած՝ միայն մեկ օրում Տ.Սարգսյանի մեկ այցի համար ծախսվել է ավելի քան 24 հազար դոլար, եւ սա՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից:

ՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ` ՀԵՐՔՈՒՄ

Ինչպես արդեն գիտեք, մայիսի 26-ին Սերժ Սարգսյանը վավերացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որով պարտադիր կուտակայինը դառնում է կամավոր: Երեկ «Ժողովուրդ»-ի խնբագրություն էին ահազանգել Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներ եւ հայտնել, թե իրենց նույնպես ասել են, որ դիմումներ ներկայացնելիս նաեւ չմոռանան աշխատանքից ազատման դիմումն էլ հետը ներկայացնել: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Ավելի ուշ, ԳԱԱ ընդունարանից մեզ հայտնեցին, թե Ռադիկ Մարտիրոսյանն ասել է՝ նման բան չկա:




Լրահոս