ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՅՈՒՂՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՉԿԱՆ

Հունիսի 1-ին Սերժ Սարգսյանն այցելել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղ: Նա մասնակցեց մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանի վկայությամբ՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 117 մլն դրամ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի շենքը նախատեսված է 60 երեխայի համար, սակայն Ոսկեվանում կա նախադպրոցական տարիքի 31 երեխա: Գյուղապետն ասաց, որ առաջիկայում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով գյուղի հին կենտրոնում կկառուցվի համայնքային կենտրոն: Նույն տարածքում, խորհրդային տարիներին գոյություն ունեցած խանութի տեղում, կկառուցվի Ոսկեվանի բժշկական ամբուլատորիայի շենքը: Այն կկառուցվի «Առողջապահություն» ԾԻԳ-ի միջոցով՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ուրախալի է, որ սահմանամերձ գյուղում նոր կառույցներ են գործարկվում, սակայն տեղի բնակչության թիվը մտահոգիչ է: Թեեւ պաշտոնական տվյալներով գյուղում ապրում է 1444 մարդ, սակայն իրականում բնակչության քանակն ավելի քիչ է: Գյուղում շատ են լքված տները. ընտանիքների ծերերը մահացել են, երիտասարդներն էլ վաղուց Ռուսաստանում են:

ՎԹԱՐԻՑ՝ 6 ՎԻՐԱՎՈՐ

Հունիսի 1-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյանի «Մեծասար» տեղանքում վթարի ենթարկված «Վիլիս»-ի 6 ուղեւոր: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ վթարից տուժածները չափահաս են, բոլորն էլ՝ Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղից: Առավել չափով տուժած 2 հոգու հունիսի 1-ին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը, ով ուղեղի վնասվածք է ունեցել, «Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն վիրահատվել է: Առավել չափով մյուս տուժածը հիշյալ կենտրոն է տեղափոխվել թոքերի վնասվածքներով եւ կողերի կոտրվածքներով: Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ վիրավորներից եւս մեկը, ով ուղեղի ցնցում է ստացել, հունիսի 2-ին համակարգչային տոմոգրաֆիա է անցել Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոնում: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում գտնվող 3 վիրավորների վիճակը կայուն է: Ճանապարհային ոստիկանությունը պատահարի պատճառները պարզելու նպատակով քննություն է իրականացնում: Ի սկզբանե, սակայն, ակնհայտ է, որ վարորդը խախտում է կատարել՝ մեքենայի մեջ տեղավորելով սահմանվածից ավելի մեծ թվով ուղեւորներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս