ՆԱԽԿԻՆԸ ՎՐԴՈՎՎԵՑ
«Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից պարզել նրա տեսակետը՝ կապված օրերս ՍերԺ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե «ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»: Սակայն Ա. Ղուկասյանը շատ վրդովվեց, որ մենք համարձակվել ենք զանգահարել իրեն ու դեռ փորձում ենք ինչ-որ հարց ուղղել. «Չեք զգում, որ կոռեկտ չի իմ անձնական հեռախոսի համարին զանգել ու ինչ-որ հարցեր տալ, ձեզ ով է տվել իմ համարը, դա առաջին, իսկ երկրորդն էլ, եթե հարց ունեք, ապա դիմեք գրասենյակ: Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»,-հայտարարեց Ա. Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը: Ի դեպ նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արկադի Ղուկասյանն այդպես է արձագանքում մեր հեռախոսազանգերին, վերջինս մշտապես վրդովվում է, որ իրեն հիշում են ու փորձում են հարց ուղղել:
ԼԱՐՍԸ ՔԻՉ ԷՐ, ՀԻՄԱ ԷԼ ԱԼԱՎԵՐԴԻՆ
Հորդառատ անձրեւների հետեւանքով Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին երեկ, ուշ երեկոյան, երկու թունելի արանքում տեղի էր ունեցել քարաթափում, որի պատճառով փակվել էր ճանապարհը: Armlur.am-ի հետ զրույցում այդ մասին երեկ ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրա խոսքով՝ ժամանել է ճանապարհը բացող տեխնիկան եւ կատարվում են աշխատանքներ: Այսօր առավոտյան դեռեւս պարզ չէր՝ ճանապարհն ամբողջությամբ բացվել է, թե ոչ:
ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում ֆինանսների նախարարի տեղակալների դրամական միջոցներն ունեն հետեւյալ պատկերը. առաջին տեղակալ Պավել Սաֆարյան. պարզվում է, ոչ մի անշարժ կամ շարժական գույք չունի: Տարվա սկզբում առկա 28 մլն դրամը տարվա վերջում դարձել է 36 մլն դրամ: Նրա եկամտի միակ աղբյուրն էլ եղել է աշխատավարձը, որը, սակայն, նրան մեկ տարվա ընթացքում 12 մլն-ից ավելի եկամուտ է ապահովել:
Սուրեն Կարայան. հայտարարագրում չի նշել ոչ մի շարժական կամ անշարժ գույք: Տարվա սկզբում ունեցել է 18 մլն դրամ, որը տարվա վերջում աճելով դարձել է 19 միլիոն հինգ հարյուր հազար դրամ: Եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Վախթանգ Միրումյան. տարվա սկզբում ունեցել է 2 մլն 200 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 8 մլն 200 հազար դրամ: Նա ունի նաեւ 50 հազար դոլար, որը տարվա ընթացքում մնացել է նույնը: Մեկ տարվա ընթացքում Միրումյանը վաստակել է 8 մլն-ից ավելի գումար:
Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւս ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Նրա՝ 13 մլն 600 հազար դրամը տարվա վերջում դարձել է 14 մլն 500 հազար դրամ, իսկ 11 հազար դոլարն էլ՝ 15 հազար դոլար: Տարվա ընթացքում գանձապետի միակ եկամուտն աշխատավարձն է եղել: