ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ՄԱՔՍԱՅԻՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից մատակարարվող գազի գնի շուրջ հերթական սկանդալն է հասունանում` սահմանին թանկացել է Հայաստան ներկրվող գազի սակագինը, միայն թե՝ իշխանություններն այս փաստը հերթական անգամ գաղտնի են պահում:

Իսկ ՌԴ մատակարարած գազի սակագնի բարձրացման մասին փաստում է ՀՀ պաշտոնական վիճակագրությունը: Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրվել է 937 հազար 649 խմ գազ՝ 204 մլն 71 հազար դոլար արժեքով, իսկ միայն ՌԴ-ից ՀՀ-ն հունվար-մարտ ամիսներին ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողության: Ասել է թե՝ այսօր Հայաստանը գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն՝ 189 դոլարով, եւ այդպես՝ 5 տարի շարունակ:
Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս տարվա փետրվարին ԱԺ-ում իրենց գերատեսչության՝ 2014թ. ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ սահմանին ՀՀ-ն գազը ստանում է 189 դոլարով: Երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւս «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին՝ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությանը Հայաստան ներկրված բնական գազի դիմաց վճարվում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար 1000 խմ գազի դիմաց»:
Փաստորեն 2013թ. դեկտեմբերին Երեւանում ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ստորագրած, այնուհետեւ ԱԺ-ում ՀՀԿ-ականների կողմից կեղծիքներով վավերացված գազային սկանդալային համաձայնագրերով ձեռքբերված պայմանավորվածությունները ի չիք են դարձել: Իսկ այն ժամանակ, գազային խայտառակ պայմանագրի մասին խոսելիս իշխանությունները պնդում էին, որ այդ փաստաթղթերի արդյունքում Հայաստանին մատակարարվող գազի գինն առնվազն 5 տարի չի թանկանա: Հարցը անգամ հասավ նրան, որ ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը որոշեց անձամբ պատասխանել գազային պայմանագրի շուրջ բարձրացված հարցադրումներին. «Մենք ունենք ամենացածր գնով գազ ՀՀ սահմաններում: Այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանկանալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ»:
Այսօր, սակայն, պարզվում է, որ երբ փետրվարի 15-ին, ԵԿՄ համագումարի մասնակիցների հարցերին պատասխանելիս Սերժ Սարգսյանն անում էր վերոնշյալ հայտարարությունը եւ շեշտում, որ գազային համաձայնագիրը «մեծ ձեռքբերում» է, ընդամենը բլեֆ էր: Ընդհակառակը, գազային համաձայնագրերի վավերացումից հետո 2014թ. հունվարից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը հերթական անգամ բարձրացել է, եւ որ ամենակարեւորն է՝ ՀՀ իշխանությունները հերթական անգամ թաքցնում են այդ փաստը: Ընդ որում, գազի սակագինը բարձրացել է հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը բոլորին վստահեցնում էր՝ այն 5 տարի չի փոփոխվի: Նման տեմպերով շարունակվելու դեպքում չի բացառվում, որ առաջիկայում պարզվի՝ Հայաստանը նոր արտաքին պարտք է շալակել՝ երեք ամսվա մեջ մոտ 26.8 հազար դոլարի չափով: Հիմա կատարվածը մի կողմից՝ առնվազն տարակուսանքների տեղիք է տալիս, բայց մյուս կողմից՝ սա ՀՀ իշխանությունների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի խոսուն վկայությունն է: Ի վերջո, ՌԴ-ին հարկավոր էր «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս հայկական բաժնեմասը, հարկավոր էր պետական երաշխիքներ, որ մինչեւ 2049 թվականը «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա չեն տարածվի Հայաստանում ընդունվող իրավական բոլոր ակտերը, այդ թվում՝ հարկային օրենսդրությունը: ՌԴ-ն ստացավ իր ուզածը, եւ հիմա վարվում է՝ ինչպես իրեն է հարմար: Հիշեցնենք, որ 2011թ. եւս գազի սակագնի բարձրացման փաստը բացահայտվել էր մաքսային վիճակագրությունից, բայց իշխանությունները հերքում էին սահմանին գազի սակագնի բարձրացման իրողությունը, եւ միայն 2013թ. դեկտեմբերին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանը 2011թ. սկսած մոտ 300մլն դոլար պարտք է կուտակել, եւ այդ պարտքի դիմաց ՌԴ-ին տրվեց «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ ՀՀ-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասը: Թե առաջիկայում նոր պարտքի դիմաց ի՞նչ պետք է տան ՀՀ իշխանությունները, մնում է միայն կռահել:
Հ.Գ. 1. Երեկ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է նվազեցնել Եվրոպա մատակարարվող բնական գազի միջին գինը՝ մոտ 4 տոկոսով՝ 1000 խմ-ի արժեքը 387 դոլարից դարձնելով 372 դոլար: Ինչպես նկատեցիք, խոսքը ոչ թե ռազմավարական գործընկեր Հայաստանի, այլ՝ Եվրոպայի մասին է: Սա՝ իմիջիայլոց:
Հ.Գ. 2. Պարզաբանումների համար պետք է շտապ հետ կանչել Արմեն Մովսիսյանին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս