Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդը դարձել է ոչ միայն ներպետական, այլեւ միջընտանեկան սկանդալի առարկա: ԲԱՄՕ-ի սեփականատերերից` Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ դիվանագիտական կորպուսի հետ հունիսի 2-ին կայացած հանդիպմանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ համալիրի շուրջ տարաձայնություններ կան ոչ միայն կառավարության եւ ԲԱՄՕ ընկերության միջեւ, այլ նաեւ ԲԱՄՕ-ի սեփականատերերի` Մուրադյանների ընտանիքում:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
2005թ. կառավարության որոշմամբ՝ համալիրը վաճառվեց ԲԱՄՕ ընկերությանը: Վաճառքի պայմանագրի համաձայն՝ համալիրի վերակառուցման եւ արդիականացման նպատակով սեփականատերերը 3 տարվա ընթացքում պետք է իրականացնեին 4,2 միլիարդ դրամի ներդրում: Սակայն ընկերությունը համալիրում ներդրել է նախատեսվածից մի քանի անգամ ավելի` 17,21 միլիարդ դրամ` համալիրը վերականգնելով եւ համապատասխանեցնելով արդի չափանիշներին: 2012թ. ԲԱՄՕ-ի սեփականատերեր Մուրադյան եղբայրները կառավարությունից 23 միլիոն դոլար բյուջետային վարկ էին վերցրել՝ գրավադրելով համալիրը: Վարկի մարումն ուշացնելու արդյունքում, կառավարությունը դիմել է Առաջին ատյանի դատարան` պահանջելով համալիրը աճուրդի հանել: Ու մինչ ԲԱՄՕ ընկերության սեփականատերերը կհասցնեին բողոքարկել Առաջին ատյանի դատարանի որոշումը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործի է անցել եւ շատերի համար անհասկանալի հիմքով տրված կամ գուցե չտրված դատարանի կատարողական թերթիկի հիման վրա սկսել է աճուրդի գործընթացը` մարզահամերգային համալիրը գնահատելով 19,3 միլիարդ դրամ, կամ մոտ 43 միլիոն դոլար: Ավելին՝ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ համալիրը երկրորդ անգամ է աճուրդի դրվել, այս անգամ` 17 միլիարդ 415 միլիոն դրամով:
Ո՞վ է աճուրդի կնքահայրը
ԲԱՄՕ ընկերության սեփականատերերը, ըստ մեզ հասած տեղեկությունների, համալիրը աճուրդի դնելու պատմության «կնքահորը» համարում են ՀՀ նախկին կառավարության անդամներին՝ մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Դավիթ Սարգսյանից պարզել, թե ինչո՞ւ է նա որոշել ամեն գնով համալիրի սեփականատերերին զրկել իրենց ունեցվածքից, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանողը ասաց, թե ինքը Դավիթ Սարգսյանը չէ: Փորձեցինք ՀՀ կառավարությունից տեղականալ, թե ինչ են իրենք մտածում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սուսաննա Տոնոյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ օրս չունի մամլո խոսնակ, ումից գուցեեւ կկարողանայինք պարզել, թե անձամբ ինչ է մտածում վարչապետը մարզահամերգային համալիրի աճուրդի մասին:
Սակայն մինչ Աբրահամյանը կհայտնի իր դիրքորոշումը, հիշեցնենք` սույն թվականի մայիսի 20-ին ԱԺ-ում, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասված նրա խոսքերը. «Բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»:
Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը շտապում
Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ն շտապում իրականացնել համալիրի աճուրդը, եթե կայացված է միայն Առաջին ատյանի դատարանի որոշումը, որն էլ դեռ ԲԱՄՕ ընկերությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ»-ը մայիսի 27-ին գրավոր հարցում էր ուղարկել ԴԱՀԿ` պարզաբանում ստանալու, թե ի՞նչ ժամկետում է ԴԱՀԿ-ն օրենքով սահմանված կարգով բռնագանձում իրականացնելու, ինչպե՞ս է դա արտահայտվելու, ի՞նչ տարբերակ կարող է գտնել համալիրի սեփականատերը ստեղծված իրավիճակում՝ ԴԱՀԿ-ի հետ առնչվելիս եւ, ի վերջո, ինչ փաստաթղթի հիման վրա է ԴԱՀԿ-ն իրականացնում աճուրդի գործընթացը: ԴԱՀԿ-ն դեռ չի պատասխանել մեր հարցերին: Այն, որ ԴԱՀԿ-ի կողմից համալիրի գնահատումը «օդից վերցված է»: Համալիրի սեփականատերերը բացահայտել են, որ իրենց գույքը գնահատած «Բեսթ ռեալթի» ընկերությունը օֆշորային ծագում ունի: Նրա հիմնադիր հանդիսացող 2 կազմակերպությունները` «Սիգթեմ ռեալիսթեյթ ինքորփորեյթինգ» եւ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ընկերությունները գրանցված են Պանամայում, որն օֆշորային գոտի է:
Սա գալիս է ապացուցելու այն իրողությունը, որ ե՛ւ ԴԱՀԿ-ն, ե՛ւ ՀՀ կառավարությունը, ե՛ւ Հայաստանի «անկախ» դատական համակարգը շահագրգռված են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ԲԱՄՕ ընկերության սեփականատերերի ձեռքից վերցնելու հարցում, այլապես «ձկան լռությամբ» չէին իրականացնի այն հետեւողական քայլերը, որոնք այսօր ծավալվում են:
Միջընտանեկան սկանդալ
Համալիրի շուրջ առաջացած աղմուկը նաեւ տարաձայնություններ է առաջացրել ԲԱՄՕ ընկերության սեփականատերերի միջեւ: «Ժողովուրդ»- ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվայի հյուրանոցում սպանված Հովիկ Մուրադյանի եղբայրները` մահացած եղբոր կնոջից` Մելսիդա Մուրադյանից, ցանկանում են վերցնել իրենց եղբոր մասնաբաժինը, սակայն Հովիկ Մուրադյանի կինը հրաժարվում է ամուսնու ունեցվածքը հանձնել եղբայրներին: Փորձեցինք կապ հաստատել Մուրադյան եղբայրների հետ, սակայն վերջիններս չցանկացան խոսել այդ թեմայով: Մելսիդա Մուրադյանը եւս խուսափում է մամուլի միջոցով պարզաբանել ստեղծված իրավիճակը:
Դեսպանի բոյկոտը
Այս ամենի արդյունքում ԲԱՄՕ ընկերության սեփականատերերը, ովքեր բավականին լուրջ ներդրումներ են իրականացրել Հայաստանում, լուրջ վիրավորված են Սերժ Սարգսյանից, եւ դա է պատճառը, որ նախօրեին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամարգային համալիրում կայացած դեսպանների ժողովին, Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել: Նրա փոխարեն Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի հյուպատոսը: Իսկ այսքանից հետո Մուրադ Մուրադյանը կշարունակի՞ մնալ դեսպանի պաշտոնում կամ ինչպե՞ս կազդի բոյկոտը համալիրի աճուրդի գործընթացի վրա, պարզ կլինի առաջիկայում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ