ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԱԺ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի գրանցման համար ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկանքի օրինականության հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի խորհրդարանում: Համենայնդեպս, ԱԺ 6 խմբակցություններից 5-ը համաձայնել է անցկացնել այդ լսումները:

Հիշեցնենք, որ պատգամավոր Մարուքյանը 1 տարի 17 օր բացակայել է Հայաստանից, սակայն նրան ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը տեղեկանք է տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակության մասին:
Այս իրավիճակի մասին 2012-ից սկսած լրատվության տարբեր միջոցներ հրապարակումներով են հանդես եկել, սակայն իրավապահ մարմինները որեւէ արձագանք չեն տվել:
Այդ պատճառով, երբ «Ժողովուրդ»-ը մի լրագրողական ծավալուն հետաքննությամբ հանդես եկավ, մի խումբ լրագրողներ ս.թ. մայիսի 20-ին բաց նամակով դիմեցին ԱԺ պատգամավորներին՝ լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա խորհրդարանական քննարկումներ անցկացնելու կոչով: Նպատակն այն էր, որ այս օրինակը ազդակ դառնա հանցագործության մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու համար՝ նախադեպ լինելով Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ՝ որպես Չորրորդ իշխանություն-ԱԺ գործուն փոխհարաբերությունների մշակույթի սկզբնավորում: Խորհրդարանական քննարկումների անցկացման անհրաժեշտությունը հրապարակավ կստիպի ԱԺ-ին առավել վճռական լինել, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն, Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն վերջապես դադարեցնեն հանցագործությունը կոծկելու եւ պարտակելու իրենց որդեգրած հանցավոր գործելաոճը:
Այս առնչությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Լ.Սարգսյանը եւ ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող Ի. Խաչատրյանը դրական վերաբերմունք են արտահայտել լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա խորհրդարանական քննարկումներ կազմակերպելու մասին: Մայիսի 22-ին այս փաստին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանը՝ ԱԺ ամբիոնից հակադարձելով ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցությունները ներկայացնող Ն.Զոհրաբյանին, Ի.Խաչատրյանին եւ Լ.Սարգսյանին՝ հայտարարելով. «Թերթերում, մամուլում հանդես են եկել այսօր «Օրինաց երկիր» խմբակցությունից, «Բարգավաճ Հայաստանից» եւ Հայ ազգային կոնգրեսից՝ մասնավորապես տիկինը (խոսքը Լ.Սարգսյանի մասին է-խմբ.) ինչ-որ (ընդգծումը մերն է – խմբ.) խորհրդարանական լսումներ կազմակերպելու, ինչ-որ (ընդգծումը մերն է-խմբ.) առաջարկություն կա Էդմոն Մարուքյանի ընտրվելու թեմայով: Կարող եք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, կարող եք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ տանել հարցը: Ես եմ ընտրվել թիվ 30 ընտրատարածքից» (ընդգծումը մերն է – խմբ.):
Ելույթի հենց հաջորդ օրը՝ ս.թ. մայիսի 23-ին, նրա հարցով խորհրդարանական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ դրական վերաբերմունք արտահայտեցին նաեւ ԱԺ «Ժառանգություն» եւ Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարները՝ միանալով նախորդ օրն այդօրինակ քնարկումներին կողմ արտահայտված ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը ներկայացնող իրենց վերոհիշյալ գործընկերներին: Ս. թ. մայիսի 23-ին «Ժողովուրդ»-ի լրագրողը ԱԺ «Ժառանգություն», Դաշնակցություն եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներին ուղղել էր հետեւյալ հարցը. «Էդմոն Մարուքյանին կեղծ տեղեկանքի հիման վրա պատգամավոր դարձնելու առնչությամբ առաջարկված խորհրդարանական լսումներ անցկացնելու մասով ո՞րն է ձեր խմբակցության տեսակետը, դուք կո՞ղմ եք լսումներին եւ ժամանակավոր հանձնաժողվին»:
Ռ. Հակոբյան-«Ժառանգություն» խմբակցության ղեկավար. «Ես մամուլից եմ տեղեկացել՝ ինչ է կատարվում: Եթե կեղծ փաստաթղթերով որեւէ մեկը կա ներկայացված, պետք է դուրս գա խորհրդարանից, դա միանշանակ է: Եթե նույնիսկ Ռուբեն Հակոբյանն է այդպես եկել: Ինչքան հասկացա մամուլի հրապարակումներից, իրավապահ դատական մարմինները խուսափում են այս հարցից: Թող հանձնաժողով ձեւավորվի (խոսքը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին է-խմբ.), որը կուսումնասիրի այդ փաստաթղթերի իսկությունը: Եթե ճշմարտություն է դա, ապա ինքն (խոսքը Մարուքյանի մասին է-խմբ.) առանց քննարկումների պետք է հեռանա»: Վերջում Ռ. Հակոբյանը նաեւ ասաց, որ եթե, ի վերջո, պարզվի, որ ճշմարտությունն այլ է, ապա «պետք է ներողություն խնդրեն այդ մարդուց»:
Ի դեպ, Մարուքյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանի ելույթի ժամանակ 2 անգամ մտել է ճեպազրույցների սենյակ, իսկ այնտեղից նրա դուրս գալուց վայրկյաններ անց, ամենայն հավանականությամբ, Մարուքյանի խնդրանքով, այդ սենյակ են այցելել եւ «Ժառանգության» ղեկավարի ասուլիսին մասնակցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը եւ քարտուղար Գ. Մելիքյանը: Նրանք այդ կերպ, թերեւս, փորձել էին հոգեբանական ճնշում գործադրել «Ժառանգության» ղեկավարի դիրքորոշման վրա: Բայց անօգուտ:
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը վերոհիշյալ հարցին իրոնիկ տոնով տվել էր ենթատեքստերով լի հետեւյալ պատասխանը. «Մարուքյանը, եթե դեմ չէ, որ հարցերը քննարկվեն, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք»:
Այսպիսով՝ ԱԺ 6 խմբակցություններից 5-ը ներկայացնող պատգամավորները՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող Ի. Խաչատրյանը եւ ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանը կողմ են Է. Մարուքյանի հարցով խորհրդարանական քննարկումներին, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Իսկ «ՀՀԿ»-ն, ինչպես միշտ, հայտնվել է մեկուսացման մեջ:
«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը մեր լրագրողի վերոհիշյալ հարցին այսպիսի պատասխան տվեց. «Ես անձամբ իմ դիրքորոշումը կասեմ եւ նաեւ պարտավոր եմ ասել, որովհետեւ Էդմոն Մարուքյանը նաեւ իմ ընտրատարածքի պատգամավորն է: Ես Էդմոն Մարուքյանին կարող եմ ասել, որ բարեխիղճ պատգամավոր է, որը պետք է մեր պառլամենտին, որը միշտ իր կապերը պահում է իր տարծաշրջանի հետ, իր ընտրողների հետ: Խորությամբ չեմ ուսումնասիրել այդ փաստաթղթերը: Իսկ ինչ մնում է այդ իրավական խնդիրներին, համենայնդեպս երկու տարի արդեն աշխատելուց հետո նման խնդիրներ առաջ բերելը էդքան էլ լուրջ չեմ համարում (ընդգծումը մերն է-խմբ.): Երբ որ արդեն լսումներ սկսեն կազմակերպել՝ լսումների ընթացքում մենք մեր կարծիքն անպայման կարտահայտենք»:
Վ. Բաղդասարյանին հիշեցնենք, որ արդեն 2 տարի է՝ հայաստանյան մամուլը հեղեղված է թեմային առնչվող հրապարակումներով, սակայն ձայն բարբառո հանապատի:
Իրականում ՀՀԿ-ն դեմ է Մարուքյանի հարցով սկանդալային վերջաբան խոստացող խորհրդարանական լսումներին եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որովհետեւ այդօրինակ քննարկումները կբացահայտեն աննախադեպ հանցագործության մեջ թաթախված ամբողջ բուրգի՝ ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության, ԿԸՀ-ի եւ Վանաձորի թիվ 30 ԸԸՀ-ի հանցավոր էությունը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս