Եվրասիական միության Հայաստանի անդամակցության գործընթացը պետք է կասեցնել. Դավիթ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև Սերժ Սարգսյանը  նախորդ տարի հայտարարեց, որ  Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը, իսկ մինչև հուլիսի մեկը  Հայաստանն անդամակցելու  է  Եվրասիական տնտեսական կառույցին, մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը կարծում է, որ պետք է ժամանակավորապես  դադարեցնել  Եվրասիական միության անդամակցության գործընթացը հանուն մեր ազգային արժանապատվության, որը  նվաստացրին Աստանայում:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին  Աստանայում  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական միությանը  պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն` առանց ԼՂ-ի:

Իսկ թե ինչու  ժամանակավորապես դադարեցնել  Հայաստանի` Եվրասիական միության անդամակցությունը,  մարքսիստի խոսքով,  պետք է հանրաքվե անցկացնել և պարզել`  մեր ժողովուրդը ցանկանում է իրեն տեսնել  Եվրամիության կամ Եվրասիական միության կազմում, որից հետո հանրաքվեի արդյունքները ներկայացնել ԱԺ-ի հաստատմանը:

«Ինչքան ես էլ  ռուսամետ  լինեմ, պետք է  երկու կառույցներից որևէ մեկին անդամակցելուց առաջ  լսել մեր ժողովրդի ձայնը:  Բացի այդ, ըստ մարքսիստի,  մեզ անհրաժեշտ է թայմ-աութ: Եթե հանրաքվե լինի, ապա ժամանակ  կշահենք և կսկսենք սակարկություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Ռուսաստանին   ասում ենք, եթե Արցախը  կճանաչես  որպես միջազգային  իրավունքի  սուբյեկտ կամ հանրապետության կարգավիճակով  Արցախը կընդգրկվի  Ռուսաստանի կազմում, ինչպես Օսիան կամ Աբխազիան,  մենք կմտնենք Եվրասիական միություն,  իսկ եթե  ոչ,  ապա  մենք կանցկացնենք հանրաքվե: Սա պետք է ասել Ռուսաստանին»,- ասաց պրն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է մեր իշխանավորների այն հայտարարությանը, թե Հայաստանը կողմնակից է «և-և» քաղաքականությանը, դա  ըստ քաղաքական գործչի, պայմանավորված է դրսում ունեցած օֆշորային կապիտալով, որն էլ խեդդում է մեր պաշտոնյաներին:

Խոսելով արտաքին քաղաքական խնդիրների, Արցախի բանակցային գործընթացի մասին,  Դավիթ Հակոբյանն ասաց, որ Արցախի բանակցային գործընթացը մտել է փակուղի. «Ռոբին Հուդի (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-խմբ.) և Օսկանյանի կոմպլիմենտար քաղաքականությունը  կրախի է մատնված»:




Լրահոս