ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑԻՆ

Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը. նրան Հայաստան են տեղափոխում: «Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»- ասվում է ՀՀ դատախազության հայտարարության մեջ:

ԼԻՍԿԱՅԻ «ԲԵՍՊՐԵԴԵԼ»-ԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «բեսպրեդել»-ը շարունակվում է: Բանն այն է, որ մայիսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Գոռ եւ Արթուր Հարությունյաններին: Վերջիններս Գորիսում հայտնի Կուլակի որդիներն են: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, այն է` հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդու` Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: Այն, որ Սուրեն Խաչատրյանը ջրից միշտ չոր է դուրս գալիս կամ տուժող, արդեն գաղտնիք չէ ոչ ոքի համար, իսկ որ այսօրինակ դեպքերը նոր հանցագործություններ են ծնում, դա եւս անհերքելի իրողություն է:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Բաղրամյան 26-ի դիմաց երեկ մի քանի քաղաքացի ակցիա էին իրականացնում, բայց ոչ թե, ինչպես միշտ, բողոքելու, այլ շնորհակալություն հայտնելու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին: Ինչպես հայտնեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը, իրենք որոշ ժամանակ առաջ նամակ էին գրել Դիդիե Բուրկհալտերին, որպեսզի նա ճանաչի Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, ինչպես նաեւ Վոլոդյա Ավետիսյանին՝ որպես քաղբանտարկյալներ. «Պարոն Բուրկհալտերն իր պատասխանով հաստատել է, որ վերոհիշյալ մարդիկ չափորոշիչներով համապատասխանում են քաղբանտարկյալ կոչվելուն»:

ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎԵԼ ԵՆ

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է, որ հունիսի 8-ին ՀՀ մի քանի մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ՝ նշելով նաեւ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մայր ու որդի` գործող համայնքապետ Թագուհի Բոյախչյանը եւ նրա որդին՝ Դավիթ Գզողյանը: Ավելի ուշ որդին ինքնաբացարկ էր հայտարարել: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Թագուհի Բոյախչյանը, ով 15 տարի է, ինչ համայնքի ղեկավար է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեծ աղմուկ է բարձրացրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս պահանջել է, որպեսզի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպի իր հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Թագուհի Բոյախչյանն ասաց, թե ինքը որեւէ խնդիր չունի, որ գնա ԿԸՀ. «Ձեզ վստահեցնում եմ, որ ես չեմ գնացել եւ, առհասարակ, ինչու պետք է գնայի»: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գյուղում հայտնի երկու կանայք ԿԸՀ նամակ են ներկայացրել, թե համայնքի գործող ղեկավարը խաբում է ոստիկանությանը:




Լրահոս