Տերյան 11-ում սկսվող շինարարությունը կապվում է Գագիկ Խաչատրյանի անվան հետ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչ-որ «մեկը» չի սիրում Երեւանը: Ոչ միայն չի սիրում, այլեւ անխնա քանդում ու ոչնչացնում է այն ամենը, ինչը կարող է մի փոքր պահել Երեւանի դիմագիծը՝ որպես հնադարյա քաղաք:

Ընդ որում, բացարձակ կարեւոր չէ՝ այդ «մեկը» միտումնավո՞ր, չգիտակցվա՞ծ, թե՞ ինչ-որ մոլուցքով բռնկված է քանդում Երեւանը: Գլխավորն այն է, որ «մեկը» մի ողջ բազմություն է՝ ի դեմս Երեւանի քաղաքային իշխանությունների, երկրի բարձրագույն ղեկավարության: Տերյան 11 հասցեում գտնվող «Հին Երեւան»-ի ամենահայտնի ընտանիքներից մեկի՝ Աֆրիկյանների կառուցած տունը շուտով հյուրանոց կդառնա: Ու թեեւ այդ հատվածում այսօր մարդիկ են ապրում, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է, որ պատմամշակութային հուշարձան համարվող տարածքում պետք է հյուրանոց կառուցել:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ մայրաքաղաքի՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված Կենտրոն վարչական շրջանը դարձել է գործող ռեժիմի մի քանի ներկայացուցչի սեփականությունը: Եվ պատահական չէ, որ Տերյան 11 հասցեում սկսվող շինարարությունը եւս կապվում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ:

Ի դեպ, պատմությունը սրբորեն պահում է բոլորի անունները՝ թե՛ քանդողների, թե՛ սարքողների: Հիշեցնենք, որ 1911թ. հենց Աֆրիկյանների միջոցներով է առաջին անգամ խմելու ջուր բերվել Երեւան»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս