Ենթադրվում է, որ լոլիկի չորացված կեղևը կօգտագործվի ավտոմեքենաների ամրակցման մասերի, ինչպես նաև՝ մետաղադրամների և այլ մանր իրերի պահպանման արկղիկների պատրաստման համար. տեղեկացնում է Time-ը:
Ամերիկյան Ford մեքենաշինական գործարանը և Heinz սննդամթերքի ընկերությունը հայտարարել են, որ իրենց հետազոտողները միավորվել են, որպեսզի ուսումնասիրեն՝ հնարավոր է արդյոք կետչուպ պատրաստելիս առաջացած լոլիկի թափոններն օգտագործել մեքենաների պահեստամասերի պատրաստման գործում:
Եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ լոլիկի չորացված կեղևը բավականին ամուր է, հետագայում այն կարող է օգտագործվել ամրակցման մասերի, ինչպես նաև՝ մետաղադրամների և մանր իրերի կոնտեյներների պատրաստման համար:
Երկու ընկերություններն էլ հայտարարում են, որ նման գաղափար է ծնվել մեխանիզմների արտադրության մեջ ամուր բիոպլաստիկի օգտագործման ծրագրի զարգացման շրջանակնորում:
Ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ դա կնվազեցնի արտադրությունում նավթաքիմիական նյութերի օգտագործումը, ինչպես նաև կկրճատի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Գրեթե 2 տարի առաջ մեքենաշինական ձեռնարկություն հանդիսացող Ford-ը սկսել է համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են, Heinz-ը,The Coca-Cola Company-ն, Nike Inc-ը և Procter & Gamble-ը` 100 տոկոսով բուսական նյութերից պատրաստված պլաստիկի ստեղծման նպատակով: Ընկերությունները ենթադրում են, որ նման նյութը կարող է օգտագործվել ամենատարբեր իրերի պատրաստման համար: