Կարևորվեց «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքի մասին հանրության պատշաճ իրազեկման ապահովումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց  «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» և «Սաֆեժ-էպտիսա» ընկերությունների պատասխանատուները ներկայացրին ծրագրի շրջանակներում կատարված և կատարվող աշխատանքների մասին զեկույց։

Նշվեց, որ շատ կարևոր է, որպեսզի  Տրանշ 1-ի Արտաշատ-Աշտարակ հատվածը շահագործման հանձնվի բարձր որակով և  պայմանագրով սահմանված ժամկետներում։

Արթուր Առաքելյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց գործել առավելագույնս թափանցիկ,  որպեսզի «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի մասին իրազեկված լինեն շահագրգիռ բոլոր կազմակերպությունների պատասխանատուներն ու հանրությունը։

Տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերությանը հանձնարարվեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ աշխատանքների որակի հսկողությունը սահմանված կարգով ուժեղացնելու ուղղությամբ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 




Լրահոս