ԷԼԻՏԱՐ ՏՈՒԺԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եւ նրա մոսկվայաբնակ եղբոր անունը մշտապես շրջանառվել է Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերի սկանդալային պատմության համատեքստում, երբ մի բնակարանը վաճառվել է 4-5 մարդու: Ի՞նչ կապ ունի Հովսեփյանն այս պատմության հետ: «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` վերահսկողության ծառայության ղեկավարը նշել է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ ո’չ ես, ո’չ եղբայրս նման որեւէ գործարքի հետ կապ չունենք, եւ հետեւաբար, նշված տեղեկությունները հավաստի չեն, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»: Բայց հայտնի է նաեւ, որ Հ. Հովսեփյանն Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում թվով 5 բնակարան ունի, եւ վերջերս էլ այդ բնակարանների վերաբերյալ դատարանների կողմից կայացվել են վճիռներ` 3-ը Հովսեփյանի կնոջ, 2-ը` իր անունով: Այս առնչությամբ Հովսեփյանը բացատրել է այսպես. «Դեռեւս 2006թ., երբ ես որեւէ պաշտոն չէի զբաղեցնում,  Ձեր նշած Արամի փողոցում գտնվող շենքում եղբայրս իմ եւ կնոջս անունով գնել է 4 բնակարան:  Ընդ որում, այդ բնակարանները ձեռք են բերվել այս թեմայի կապակցությամբ մինչ այժմ տարբեր այլ հրապարակումներում մեկ քառակուսի մետրի համար նշված գնից շատ ավելի բարձր գնով, իսկ ամբողջական վճարը կատարվել է, երբ շենքի շինարարության ուղղությամբ որեւէ աշխատանք դեռ չէր էլ իրականացվել: Տեղեկացնում եմ նաեւ, որ ինչպես բոլոր տուժած անձանց, այնպես էլ եղբորս գնած վերոնըշյալ բնակարաններն արժանացել են նույն ճակատագրին` գնելուց հետո վերավաճառվելով մի քանի անգամ»: Մեզ մնում է պարզել, թե այդ դեպքում ինչու են մարդիկ Հովսեփյանին ու իր եղբորը բնակարանների հարցերը լուծելու խնդրանքով դիմում:




Լրահոս