Կառավարության համապատասխան որոշմամբ` Շիրակի մարզի Արեւիկ համայնքում փետրվարի 12-ին տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Այստեղ թեժ ընտրապայքար են կանխատեսում ոչ միայն համայնքի բնակիչները, այլեւ ԸԸՀ ներկայացուցիչները: Ավագանու յոթ տեղի համար պայքարում է տասը թեկնածու: Նրանցից չորսը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են, եւ նրանց առաջադրել է գործող գյուղապետ, հանրապետական Գագիկ Ստեփանյանը: ԲՀԿ-ն առաջադրել է երկու թեկնածու (նրանք նախկին գյուղապետ, ԲՀԿ-ական Դավիթ Թոմիկյանի թիմակիցներն են), մյուս չորսն անկուսակցական են: ՀՀԿ-ԲՀԿ պայքարն այստեղ շատ ընդգծված է լինելու: Արեւիկ համայնքում նման մրցակցությունն աննախադեպ են համարում: Թիվ 35 ԸԸՀ նախագահի տեղակալ Մաքսիմ Շահբազյանն էլ փաստում է, որ Արեւիկում իսկապես լուրջ մրցապայքար է լինելու. «Մրցակցություն եղել է Ախուրյանում, Ազատանում, բայց Արեւիկում նման բան չի եղել: Տասը թեկնածու… սա արդեն լուրջ ցուցանիշ է գյուղական բնակավայրի համար»:
Ինչպես սովորաբար լինում է գյուղերում, Արեւիկ համայնքում ընտրողների հետ հանդիպումներ, քարոզարշավներ գրեթե չեն անցկացվել: Համայնքաբնակներն առաջադրված թեկնածուներին լավ են ճանաչում, միայն թե վստահ չեն, որ ավագանու անդամներն ի զորու կլինեն լուծել խնդիրները: Նրանց համար, կարելի է ասել, միեւնույն է` ով ինչ կուսակցության անդամ է, կամ ով կդառնա ավագանու անդամ, կարեւորը` իրենց հոգսերը թեթեւանան: Հարցին, թե ովքեր են ավագանու անդամները, գյուղացիներից մեկը պատասխանեց. «Գազի մարդը, լույսի մարդը, ջրի մարդը… Մի խոսքով, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են: Գազի ու լույսի մարդուց վնաս չկա: Խելոք տղաներ են, անվնաս են»: Մեկ ուրիշն էլ շեշտեց. «Սաղն էլ գիտեն` մենք էսօր ինչ խնդիր ունինք: Մալի ջուրն ի՞նչ է, որ չունինք: Գարնան գլուխ է, գնան, ջուր բաց թողան, կենդանիները ծարավ չմնան: Գործեն, մենք էլ իրանց ընտրենք»:
Գյուղապետ Գագիկ Ստեփանյանը բավականին լարված է խոսում ԲՀԿ-ական թեկնածուների եւ իր նախորդի մասին: Ասում է, եթե ուզում էին աշխատել, թող աշխատեին, ինչո՞ւ են հիմա մտել ընտրապայքարի մեջ: Իսկ համայնքապետի տեղակալ Վարդգես Մելքոնյանի կարծիքով` ընտրվելու հավանականությունը մեծ է հատկապես հանրապետական թեկնածուների մոտ: Արեւիկում փետրվարի 12-ին կբացվի մեկ ընտրատեղամաս: Քվեատուփերն ու քվեախցիկներն արդեն գյուղապետարանում են: Փետրվարի 11-ին այս եւ մյուս բոլոր համայնքներում, որտեղ ընտրություններ են լինելու, լռության օր է:
Գյումրի