«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական՝ հինգերորդ նիստը, որի քննարկման թեման էր «Հասարակական կազմակերպությունները՝ որպես պետական քաղաքականության իրականացման գործիք»: Նիստին ռուսական կողմից մասնակցում էին «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովը, Արտաքին քաղաքական հետազոտությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան եւ ԱՊՀ երկրների երիտասարդների միությունների նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Հայկական կողմից նիստին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նախագահում էր նիստը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, Հայկ Բաբուխանյանը, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ի՞նչ է ասել Դմիտրի Կիսելյովը, եւ ինչո՞ւ է նա եկել Հայաստան: Ըստ էության, նրա ամբողջ ելույթը եղել է հակաամերիկանիզմի դասախոսություն այն մասին, թե որքան վատն է ԱՄՆ-ը եւ նրա քաղաքականությունը, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհում հաստատել «գլոբալ տիրապետություն», որ այդ երկիրն ամբողջ աշխարհում սփռում է «արյուն եւ տառապանքներ», որ այդ երկրի ռազմական բյուջեն կազմում է մյուս բոլոր երկրների ռազմական բյուջեների կեսը եւ օգտագործվում է խաղաղ երկրները ռմբակոծելու եւ ավերելու վրա: Կիսելյովը զգուշացրել է նաեւ, որ ԱՄՆ-ը օգտագործում է այլ երկրներում գործող հասարակական կազմակերպություններն այդ երկրներում քաոս եւ անիշխանություն կազմակերպելու, այդ միջոցով ոչ ցանկալի իշխանություններին հեռացնելու եւ դրանց փոխարեն խամաճիկ իշխանություններ կարգելու համար:
Գրեթե նույն քարոզչությունը շարունակել է տիկին Վերոնիկա Կրաշեննիկովան, ով հայ հասարակությանը «թասիբի գցելու» համար հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքական պատմությունը 6 անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, որն ընդամենը 300-ամյա պատմություն ունի:
ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հետ չի մնացել ռուսական պատվիրակությունից՝ հայտարարելով. «Եվրոպական արժեհամակարգն իր էությամբ հակաքրիստոնեական է»: Հնարավոր է, որ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հաջորդ նիստի թեման լինի «Հայ-ռուսական համատեղ խաչակրաց արշավանքը՝ ընդդեմ նողկալի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի»»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: