Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թ. հունիսի 12-ին, երկարատև ծանր հիվանդությունից, կյանքի 80-րդ տարում վախճանվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը:

Կառլեն Եսայանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հունիսի 14-ին, ժամը 13:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆ

ՀՀ վաստակավոր բժիշկ

Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, ծառայողի ընտանիքում։

1951թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, որը ավարտել է 1953թ.:

1953թ. օգոստոսից մինչև 1954թ. նոյեմբեր աշխատել է նույն շրջանի Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։

1954-1957թթ. ծառայել է Սովետական բանակում։

1958թ. փետրվար-օգոստոս ամիսների ընթացքում աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։

1958թ. օգոստոսին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1964թ: Ինստիտուտում սովորելու տարիներին` 1961-1964թթ. ուսման հետ միաժամանակ, ընտրվել և աշխատել է` որպես ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ։

1962-1979թթ. եղել է բուժաշխատողների արհմիության կոմիտեի անդամ։

1964-1976թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար։

1977-2003թթ. աշխատել է Երևանի 8-րդ բուժմիավորումում` որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ, 2003-2004թթ. «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տնօրենի փորձագիտական գծով տեղակալ: 2004թ. -2014թթ «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահն է:

Կառլեն Եսայանը իր մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազում պարգևների` խրախուսանքների, շնորհակալագրերի, շքանաշանների:

2006թ. ՆՀ-184 –Ա հրամանագրով , Կառլեն Եսայանին, շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։

2010թ ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

2013թ. դեկտեմբերի 19-ին, ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, 2013թ. դեկտեմբերի 21-ին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով` Կառլեն Եսայանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով: Ինչպես նաեւ, Երկրապահ կամավորականների միության կողմից 2010թ. պարգևատրվել է հուշամեդալով, 2011թ. «5-րդ բրիգադ« մեդալով, Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով, ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով։

2007թ. պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտիոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով և ակադեմիկոս (Եվրոպայի ակադեմիայի) Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով։

2005թ. շնորհակալական նամակներ է ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Կառլեն Եսայան Բարերար ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը, կնոջ` ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, ամուսիններով, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում:

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցել է Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար 1000 դոլար էր նվիրաբերում` այդպիսով աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին: Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը:

Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով: Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն): Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչվել են Կառլեն Եսայանի անունով:

Եսայան ամուսինները կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր, որտեղ աշխատում են գյուղի բնակիչները:

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները:

Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները:

2013թ. Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: Եսայաններ ընտանիքի բարերարությամբ 2014թ. ավարտին կհասցվի Մարտակերտի շրջկենտրոնի հյուրատունը:

Երևանում կառուցվում է և 2014թ. ավարտին կհասցվի Ֆ. Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի արձանը: Կողքին կառուցվում է Սբ. Աստվածածին եկեղեցին` շրջապատված խաչքարերով և արձանախմբերով: 




Լրահոս