«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել. «Ընտրական իրավունքի բացահայտ ու աղաղակող խախտումներով տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ քրեաօլիգարխիկ վարչախմբի վերջնական նպատակը Հայաստանում ամբողջատիրության հաստատումն է: Այդ նպատակի մասնակի իրականացման մասին է վկայում նաեւ նույն օրը Հայաստանի 39 համայնքների մի զգալի մասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկական թեկնածուներով անցկացնելու փաստը: Օգտվելով ազգային պետություն կառուցելուն միտված այլընտրանքային քաղաքական մշակույթի եւ ռեալ դիմադրության բացակայությունից` վարչախումբը հետեւողականորեն ու մեթոդաբար մեզ վերադարձնում է խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթի ճահիճը»: «Սարդարապատ»-ն առաջարկում է.
1. մերժել իշխանությունը յուրացրած բռնապետական վարչախմբի խաղի կանոններն ու այլեւս չմասնակցելով նրա վերարտադրության մեխանիզմի վերածված կեղծ ընտրություններին` խափանել տիրապետող քաղաքական մշակույթի եւ համակարգի սնուցումն ու վարչախմբի լեգիտիմացումը,
2. միասնական ջանքերի գործադրմամբ ձեռնամուխ լինել ժողովրդի իրական ցանկություններն ու նպատակներն արտացոլող զուգահեռ իշխանական մարմինների սաղմերի ձեւավորման միջավայրի (այլընտրանքային նախախորհրդարան) ստեղծմանը,
3. հետեւողականորեն համապատասխան ներուժ եւ ռեսուրս կուտակելով (համախոհների համախմբում, ազգային պետության կառուցման հայեցակարգային-ռազմավարական հիմնադրույթների մշակում, ապագա իշխանության հիմնական մարմինների ձեւավորման մեխանիզմների հստակեցում եւ այլն)` ստեղծել իրական լեգիտիմությամբ օժտված այլընտրանքային իշխանության հիմնական մարմինների համակարգ,
4. լեգիտիմ ու իրական իշխանության մարմինների համակարգի կայացմանը զուգընթաց` բոլոր հնարավոր ձեւերով նվազարկել ու չեզոքացնել վարչախմբի ներուժն ու ռեսուրսը` հասնելով ժողովրդի իշխանությամբ նրա վերջնական փոխարինմանը:
ՄԵՐԺԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ