ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼՑՈՆՈՒՄՆԵՐ` ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար եւ դերասան Հովհաննես Ազոյանը երեկ` առավոտյան, համացանցում արել էր հետեւյալ գրառումը. «Այսօրվա կուրսով մեկ հայն արժե 5000 դրամ»: Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը վաճառել ընդամենը 5000 դրամով, չնայած ընտրակաշառքի թիվը Հրազդանում հասավ մինչեւ 25.000-ի:
Ի սկզբանե նշենք, որ Հրազդանի գրեթե բոլոր տեղամասերում եւ շրջակայքում աննախադեպ վերահսկողություն էր սահմանված Սասուն Միքայելյանի կողմից: Նրա վստահված անձինք էին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, Լեոն Զուրաբյանը, Պետրոս Մակեյանը, Արամ Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ այլոք: Իսկ հանձնաժողովի անդամների մեծ մասն իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն էին (ԲՀԿ-ն իր «տեղերը վաճառել» էր ՀՀԿ-ին), որոնք, ի տարբերություն մյուս ընտրությունների, խելոք էին:
Հենց առավոտյան տեղեկացանք, որ ժամը 8-ին մի քանի ընտրատեղամասերում կնիքը թաց էր, ինչն օրենքի խախտում է, քանի որ այն չպետք է օգտագործված լինի: Շնորհիվ լրագրողների եւ ՀԱԿ անդամների` փոխվեց կնիքների թանաքի գույնը: Իսկ արդեն օրվա կեսին բացահայտվեց, որ ՀՀԿ-ն զանգվածային ընտրակաշառքներ է բաժանել: 25/19 ընտրատարածք եկած մի կին վրդովված դժգոհում էր անարդարությունների դեմ: Երբ Սասուն Միքայելյանի վստահված անձ, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հետաքրքրվեց, թե ինչ անարդարությունների մասին է խոսքը, տիկինը լրագրողների եւ տեսախցիկների առաջ ասաց. «Մեր ամբողջ շենքին փող տվեցին, ինձ` չէ, անարդար ա, երկու անչափահաս երեխա ունեմ, ես էլի կընտրեի Դանիելյանին, բայց խի՞ սաղին տվեցին, ինձ` չէ»: Քաղաքապետի կողմից կազմակերպված խեղկատակությունը հասավ իր գագաթնակետին, երբ ընտրակաշառք սկսեցին բաժանել հենց ընտրատեղամասում` 25/21 տեղամասում, որտեղ Սասուն Միքայելյանի վստահված անձն էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը. վերջինս  անձամբ տեսել է կեղծիքը: Լսելով բրնձի նման բաժանվող կաշառքի մասին` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը  հարցուփորձ արեց քաղաքացիներին: Ընտրատարածք եկած կանանցից մեկը  մեզ սպառիչ պատասխան տվեց. «Ես հո խաբարբզի՞կ չեմ, որ ասեմ` տվել են, թե չէ»: Այսպիսի բազում դեպքեր են արձանագրվել:
Նկատենք, որ որոշ ընտրատարածքներում հանձնաժողովի նախագահները եւ նրանց քարտուղարները թերթում էին ընտրացուցակները, ստուգում, թե ով է եկել, ով` ոչ, ապա զանգահարում էին «շտաբ» եւ զեկուցում` կոնկրետ մարդիկ չեն եկել ընտրատեղամաս: Քիչ անց ջիփերով ընտրատարածք էին մտնում թոշակառու տատիկ-պապիկները` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Այս գործընթացը շարունակվեց այնքան, մինչեւ կեսօրին Սերժ Սարգսյանը Ծաղկաձորից հեռացավ: Այսինքն` ՀՀԿ-ն արդեն վստահ էր, որ համապատասխան քանակությամբ ձայներն ապահովված են:
Երեկոյան` ընտրությունների ավարտվելուն պես, որոշ ընտրատարածքներում (25/03, 25/04, 25/09) լույսերն անջատվեցին:  Ոստիկանները եւ Սասուն Միքայելյանի կողմնակիցներն անմիջապես շրջապատեցին տեղամասերը: Երբ «վտանգն» անցավ, Միքայելյանի կողմնակիցները հեռացան` պահպանությունը թողնելով միայն ոստիկաններին:
Այսպիսով` սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը, եւ գրեթե բոլոր տեղամասերում անհամեմատ առաջատար էր Սասուն Միքայելյանը` 100-150 ձայնով (որովհետեւ երեկոյան ՀՀԿ-ն փող չէր բաժանում, եւ նրանց ընտրող չկար): Բայց հենց քվեատուփի կեսը դատարկվեց, եւ սկսվեց առավոտյան քվեարկողների ձայների հաշվարկը, Արամ Դանիելյանի ձայները կտրուկ ավելացան: ԿԸՀ-ի վերջնական տվյալներով` 11.506 ձայն հավաքեց Սասուն Միքայելյանը, 13.079 ձայն` Արամ Դանիելյանը, 893 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց:
Բավականին հետաքրքիր էր անվավեր քվեաթերթիկների պատկերը. օրինակ` 25/05 ընտրատեղամասում քվեաթերթիկներից մեկն անվավեր համարվեց, քանի որ Սասուն Միքայելյանի անվան դիմաց սրտիկներ էր նկարված: Իսկ մեկն էլ ջընջել էր երկու թեկնածուներին ու ըստ երեւույթին, իր անունը գրել` դիմացը «ծիտիկ» դնելով:
Կիրակի օրը կայացած ընտրություններում երկու դրական բան կար. նախ, որ քրեական թափթփուկները չէին հանձնաժողովներում իրավիճակի տերը, այլ ընդդիմությունը: Բացի այդ, այս անգամ ոստիկաններն անհամեմատ շատ լավ աշխատեցին: Լրագրողների եւ վստահված անձանց բոլոր բողոքները նրանք լուծում էին օրենքի սահմաններում` օբյեկտիվության դիրքերից: Իսկ օրվա վերջում ցուցադրաբար շրջում էին քաղաքում, որպեսզի Արամ Դանիելյանի հարբած կողմնակիցները բախում չհրահրեն:
Միայն երեկոյան` 25/24 ընտրատարածքը փակվելուն պես, երբ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը եւ իր ընկերները կանգնած են եղել ընտրատարածքի մոտ, նրանց են մոտեցել 15 ոստիկաններ, որոնց մեջ Գասպարյանը ճանաչել է Կոտայքի մարզային ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանին. վերջինս պահանջել  է հեռանալ տարածքից: Գասպարյանը եւ իր ընկերները, պահպանելով ընտրատարածքից 50մ հեռու գտնվելու կանոնը, մեքենայով շուրջ 250մ հեռավորության վրա են կանգնել: Սակայն ոստիկանապետը մոտեցել է նրանց, քաշքշել Արթուր Գրիգորյանին եւ սպառնացել, թե «քշե’ք, գնացե’ք ձեր տները վե’ր ընգեք, թե չէ կկատոկեմ, կանցնեմ ձեր վրով»,-պատմեց երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին:
«Ժողովուրդ»-ը դիմեց Գրիշա Ամիրխանյանին` պարզելու, թե նա ինչու է ընդդիմադիրներին սպառնացել, վերջինս ասաց, թե ինքը ընդհանրապես այդ օրը վարչությունից դուրս չի եկել: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի եղել»,- վստահեցրեց ոստիկանապետը:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս